սպիտակ սավանով սփածված մտան գետը, փոքր մանուկներին գրկերն առած։ Կաթողիկոսը մկրտության համառոտ կարգը կատարեց և ամենքին հրամայեց երեք անգամ ընկղմվել ջրումը և դուրս գալ։ Այսպես լուսավորվեցին պերոժցիք քրիստոնեական լուսով։ Բայց մենք դառնանք մեր պատմությանը)։
ԺԴ
Երբ որ թագավորն ու Վաղինակը ողջ առողջ տուն հասան, դրանց դիմավորեց Զանգին, և մերթ մեկի, մերթ մյուսի ոտներին փաթաթվելով՝ այնպես էր վնգվնգում, որ կարծես ամեն բան գիտեր, ամեն բան լսել էր։
Մյուս օրը բանտից հանեցին դիպակավաճառ քուրմին, որ դատեն հրապարակով և դատապարտ են։ Երբ որ դատավորները ժողովվեցին և ուզում էին դատել նրան թագավորի ներկայությանը, Վաղինակը մոտեցավ և խնդրեց թագավորից, որ այդ դաժան ծերի կյանքն ու մահը իրան հանձնել
— Դու ինչպե՞ս ես ուզում պատժել սրան— հարցրեց թագավորը։
— Այդ մասին ես ու Զանգին կմտածենք,— պատասխանեց Վաղինակը։— Դրա մահվան կերպովը միայն կարող եմ թեթևացնել հիշողությանս մեջ իմ կրած կսկիծը։ Այն գարշելիները հեշտ պրծան, նրանց բախտին չպիտի արժանացնեմ սրան։
— Բայց, Վաղինակ, դու մոռանում ես, որ քրիստոնեին անվայել է վրեժխնդրությունը։ Ինչպես տեսնում եմ, դու սրան տանջել ես ուզում։
— Ո՛չ, ես ուզում եմ միայն, որ դրա սև հոգին Զանգուն հանձնեմ և թողնեմ նրա կամքին, որ ինչպես ուզենա, այնպես հանե.․․
— Տա՛ր, տա ր, շանսատակ արա սրան,— ասացին միաբերան դատավորները։ Թագավորն էլ չուզեց Վաղինակի խնդիրը մերժել։ Վաղինակը քուրմի ձեռները կապռտած, տարավ մի ձորի մեջ և այնտեղ բաց թողնելով, ասաց Զանգուն.
— Զանգի՛, տե՛ս, սա է այն մարդը, որ ինձ քանի տարի տանջել է սոսկալի տանջանքով, ինձ այնպես բան է ուտեցրել, որ դու