Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/502

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հաճույքից և մասամբ երկյուղից շունչները պահել էին, ըստ որում աննշան մի շշուկից ու շշունջից կխրտներ Պեգասը և նետի պես կսլանար դեպի երկինք։ Բավականաչափ թավալգլոր գալուց հետո՝ վերջապես Պեգասը շտկվեց և հասարակ ձիու պես դանդաղ կերպով առաջին ոտները ձգեց, որ վեր կենա, Բելլերոֆոնն իսկույն գլխի ընկավ որ ձին վեր կենալուն պես՝ պիտի ճանապարհ ընկնի, նա մի ակնթարթում դուրս ընավ թփուտից և մի ճարպիկ ոստյունով թռավ նստեց ձիու քամակին։


Այո՛, նստեց թևավո՜ր ձիու վրա...


Երևակայել պետք է, թե ինչպես վեր թռավ Պեգասը, իր կյանքում աոաջին անգամ զգալով իր վրա հողեղեն մարդու ծանրություն։ Վեր թռչել եմ ասում, բայց չկարծեք, որ մի հասարակ ոստյուն էր, որ արավ Պեգասը։ Բելլերոֆոնը դեռ խելքը գլուխը չէր հավաքել, որ Պեգասի հետ արդեն գետնից բարձրացել էին մինչև հինգ հարյուր ոտնաչափ և սլանում էին նետի արագությամբ։ Թևավոր ձին նրա տակին փռնչում էր և երկյուղից ու զայրույթից դողում, սարսափում։ Թռան գնացին միշտ բա՜րձր ու բա՜րձր, մինչև հասան ամպալից օդի ցուրտ շերտերը, որոնց վրա մի քանի րոպե առաջ Բելլերոֆոնը գետնին պառկած նայում էր և սքանչանում։ Այդ բարձրությունից ձին ուղղակի ցած նետեց ինքզինքը, որ մի ժայռի կամ ուրիշ բանի դիպչելով ջարդուխուրդ անի իր հեծյալին։ Բայց այսպիսի բան չպատահեց, Բելլերոֆոնն այնպես չէր կպել նրան, որ բաց թողներ կամ վայր ընկներ, բայց սրա վրա ի՜նչ բաներ արավ չարացած թևավոր ձին,– ի՜նչ ճարպիկություններ բանեցրեց. ցիրկում խաղացող ակրոբատներն այն չեն անում, ինչ որ մեր Պեգասն արավ օդի մեջ, ի՜նչ վեր–վեր թռչել, ի՜նչ օրորվել, ի՜նչ տքացիք շպռտոտել դես ու դեն, ինչ տրտինգներ տալ։ Գլուխը գցում էր առաջի ոտների արանքը, թևերը վեր ցցում և սկսում, մեկ թե երկու, գլուխկոնծի տալ կապիկի նման։ Շուռ էր գալիս մեջքի վրա և ոտները վեր ցցելով՝ թափահարում ինքզինքը կամ գլուխը դեպի պոչն արած երկուտակվում էր և սկսում պտտվել չարխի պես։ Վերջապես շաս բաներ արավ, տեսավ որ հնար չի լինում, չի կարողանում վայր գլորել Բելլերոֆոնին, վիզը թեքեց և կրակոտ աչքերը վրան ձգելով, դունչը մեկնեց, որ կծե։ Նա այնքան թափ տվավ իր թևերը, որ նրանցից մի արծաթագույն փետուր գջլվեց և ընկավ հենց այնտեղ, ուր կանգնած էր գանդուրիկ տղան։ Նա իսկույն վեր