- Շատ լավ,– ասաց Մանուկը։- Գրագիրնե՛ր, գրեցե՛ք այս մարդու գանգատը, իսկ դուք, փառաշներ, բռնեցեք այն չորսին էլ և բերեք այստեղ։
Փառաշները բռնեցին երբեմն ծառա, իսկ այժմ քաղաքի աղաներից մեկին և նրա երեք վկաներին։ Մանուկ-խանը հրամայեց, որ վկաներին հեռացնեն իրարից և ջոկ-ջոկ սենյակում փակեն։ Հետո դաոնալով թազա֊հարուստին՝ ասաց.
- Այս մարդը քեզ ի՞նչ գոհար է տվել, ի՞նչ գույն ուներ, ի՞նչ ձև ուներ, ի՞նչ մեծություն, ի՞նչ ծանրություն և ի՞նչ զորություն։
Մարդն ասաց, որ գոհարը մի քար էր կատվի աչքի չափ և նման։ Ցերեկը խավար էր երևում, իսկ գիշերը փայլում էր։ Թե ինչ ծանրություն ուներ, չգիտեմ, չեմ կշռել, և թե ինչ զորություն ուներ, նույնպես չգիտեմ, չեմ փորձել։
- Դու՛, ասա, ի՞նչ զորություն ուներ գոհարը,- հարցրեց վաճառականին։
- Իմ գոհարն այն զորությունն ուներ, որ ինչ դատարկ քսակումն էլ դնեիր, իսկույն ոսկով կլցվեր,- պատասխանեց Ավագը:
- Շատ բարի։ Իսկ դու ի՞նչ արիր այն գոհարը, հանձնեցի՞ր տիրոջը,- հարցրեց մեր մեղավորից։
- Այո՛, հանձնել եմ,- պատասխանեց թազա-հարուստը։
- Շատ լավ, տարեք սրան մի առանձին սենյակ և բերեք վկաներից մեկին։
- Դու տեսա՞ր,- հարցրեց վկային,- որ այն մարդը այս մարդու կնոջը հանձնեք սրա ուղարկած ամանաթը։
- Այո՛,- պատասխանեց վկան։
- Ի՞նչ բան էր։
- Քար էր:
- Ի՞նչ ձև ուներ։
- Կլոր էր։
- Ի՞նչ գույնի քար էր։
- Սպիտակ։
- Ի՞նչ մեծություն ուներ։
- Ահա այսչափ կլիներ,- ասաց նա, ցույց տալով իր ձեռքի բռունցքը։