Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/626

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երբեմն կատարում էինք և երբեմն մոռանում, բայց լավ ստուգեցինք, որ հիրավի մեր Դուրսունը, ամեն անգամ կեսգիշերին վեր է կենում սուսուփուս, կամաց-կամաց, առանք շփլթուն հանելու, բոլորովին գողավարի և գնում հարևան թուրքերի կորեկները մտնում, լավ արածում և գալիս էլ ետ իր տեղը նստում։

Մի գեղեցիկ լուսնյակ գիշեր ձի հեծա գնացի Դուրսունին գտա կորեկի մեջ։ Նա այնպես էր արածում, ինչպես մի վայրենի. ամեն մի փունջ հակոսելիս՝ գլուխը բարձրացնում, այս ու այն կողմն էր նայում, որ ապահով լինի, թե՝ իրեն տեսնող չկա։ Ինձ իսկույն նկատեց և այնպես դուրս ընկավ սրտիցը, ինչպես մի եղջերու, և մինչև տուն մի շնչում վազեց։

Կորեկները հնձելուց հետո նա սովորություն արավ մտնել այգիքը։ Այգի մտնելիս՝ չափարը չէր ճմոռում, որ ձայն լսվի, այլ փնտրում էր ցածր տեղ և կապիկի ճարպկությունով ոստնում վրայից։ Սրա վերա շատ չանցավ, մեր Դուրսունը գողության պատիժը ստացավ, ըստ որում ասած է՝ «Տատն ամեն օր գաթա չի ուտիլ»։

Մի առավոտ՝ տավարը հանդ տանելու ժամանակ, Դուրսունիս գտա արյունի մեջ շաղախված։ Սկսեցի բղավել—վա՜յ, ա՜մի, վա՜յ, ազի… Ամիս ու ազիս եկան և զննելով տեսան, որ Դուսունի հետևի աջ օմբին այնպես են խփել կացնով, որ մինչև քուփը ներս է գնացել։ Հայտնի էր, որ մի որևիցե բաղում է պատահել այդ չարագործությունը, բայց ո՞վ կասեր, որ ինքն է արել։ Սկսեցինք դեղուդուղ անել, և վերքը շատ ուշ լավացավ։ Այնուհետև մեր Դուրսունը այլևս գողության չգնաք և իր խփողին էլ վերջ ի վերջո ինքը գտավ։

Մեկ անգամ տավարը տանում էի դեպի առուն ջուր տալու։ Երբ որ հասա առվի ափը, մի կնիկարմատ նոր լցրել էր կուժը և ուզում էր վերադառնալ: Բոլոր տավարները վրա ընկան ջրին, իսկ Դուրսունը այդ կնկանը տեսավ թե չէ՝ իսկույն դուրս ընկավ տավարի միջից և մի քիչ տեղ փախչելով՝ ետ դառավ և սկսեց աչքերը պլշացնել կնկա վերա։ Կնիկն այնպես վախեցավ, որ կարծեց, թե հիմի ուր որ է Դուրսունը պիտի իրեն ոտնատակ տա։— Ա՜ գոմեշ, ինչի՞ ես էդպես մտիկ տալիս, ես խոմ չեմ խփել քեզ,—ասաց կնիկարմատը։ Ես այդ կնկանից Դուրսոլնի չափ վախեցա, ըստ որում նրանից ամեն բան սպասելի էր։ Վերադառնալով տուն, այս անցքը պատմեցի մորս։ Վերջն ստուգվեց, որ Դուրսունին կացնով խփողը հիշյալ կնիկարմատն էր եղել: