լվացված կաթնաղբրի ջրով` բամբակի պես սպիտակին էին տալիս։ Այսպես էր Անահիտի արտաքին կերպարանքը, բայց նրա դեմքի գծագրության, նրա աչքերի մեջ մի այնպիսի գրավիչ զորություն կար, որ իսկույն կախարդեց Վաչագանին և ապշեցրեց նրան։
— Անունդ ի՞նչ է,— հարցրեց Վաչագանը։
— Անահիտ,— պատասխանեց աղջիկը:
— Ո՞վ է քո հայրը: — Իմ հայրը մեր գյուղի նախրչի Առանն է։ Բայց ինչու՞ ես ուզում իմանալ, թե իմ անունն ի՞նչ է, կամ ով է իմ հայրը:
— Ոչինչ, հենց այնպես հարցնում եմ. հարցնելը հո մեղ՞ք չէ:
— Եթե հարցնելը մեղք չէ, խնդրեմ դու էլ ինձ ասես, թե ինքդ ո՞ վ ես, ո՞րտեղացի ես։
— Սո՞ւտ ասեմ, թե՞ ճշմարիտ։
— Ո՛րը քեզ արժան կհամարես։ — Իհարկե, ես արժան կհամարեմ ճշմարիտը, իսկ ճշմարիտն այս է, որ ես հիմա չեմ կարող ուղիղն ասել, թե ես ով եմ, բայց խոսք եմ տալիս մի քանի օրից հետո հայտնել։
— Շատ լավ։ Շնորհեցեք ինձ փարչը, և եթե էլի ջուր եք կամենում, բերեմ։
— Ոչ, շնորհակալ ենք. դու լավ խրատ տվիր մեզ, այդ կհիշենք միշտ և քեզ չենք մոռանալ։
Անահիտն առավ փարչը և հեռացավ։
Գ
Երբ որ մեր որսորդները ճանապարհ ընկած գնում էին դեպի տուն, Վաչագանը հարցրեց Վաղինակին.
— Վաղինակ, դու մեր Բարդումը տեսա՞ծ ես սրա պես գեղեցիկ աղջիկ։
Վաղինակը պատասխանեց.
— Ես լավ չնկատեցի նրա գեղեցկությունը, իմացա միայն, որ իրանց գյուղի նախրչու աղջիկն է. — Չես նկատել, բայց լավ ես լսել։ Այդ նրանից է, որ