Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/162

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հարցը, «այդ բոլորը շատ լաւ. բայց ի՜նչպէս ուսումնասիրել, ո՞րտեղից գտնել նիւթ և աղբիւր»։

Ամենավիրաւոր հարցերից մէկն է դա առհասարակ համայն Ռուսիայում։ Աւեր ու անմշակ իրականութիւն է ներկայացնում այդ վիթխարի երկիրը, չունենալով ժամանակակից պահանջներով կազմակերպուած կանոնաւոր ստատիստիկա։ Իսկ առանց վիճակագրական՝ ստուգութեամբ ժողոված փաստական նիւթերի եւ թուական տուեալների անկարելի է կեանք ու իրականութիւն ուսումնասիրել, ճանաչել նրա թեկուզ մի չնչին խորշը անհնարին է ցոյց տալ և հաստատել ժողովրդական եւ պետական տնտեսական, ինչպէս և հասարակական կեանքի ու ազգաբնակչական կազմի շերտաւորումների որևէ առաջադիմական աստիճանը։ Եւ եթէ Ռուսիայում տնտեսագէտը, ստատիստիկը, հասարակագէտը որոշ աշխատանք կատարել են այդ ուղղութեամբ, ապա շնորհիւ մեծ մասամբ զեմստվօյական հաստատութիւնների ցոյց տուած անգնահատելի ծառայութեան վիճակագրութեան սահմանում։

Բայց աւա՜ղ, Կովկասը այդ բարիքիցն էլ զուրկ է։ «Կովկասի Օրացոյցի» տուած պակասաւոր, եղածն էլ կասկածելի ձեռքերով ու մոտիւներով հաւաքած, խղճուկ փշրանքներն են միայն հրապարակի վրայ, որոնք ոչ մի կողմից չեն կարող բաւարարութիւն տալ քիչ թէ շատ մասնագիտական աշխատանքի և միջին չափով պահանջկոտ հետաքրքրութեան։

Մեզ թւում է, որ կան հայ հաստատութիւններ, որոնք կարող են այդ ուղղութեամբ որոշ պալիատիւ աշխատանք կատարել, և մենք հարկ ենք համարում հէնց այստեղ անել այդ իմաստով հետևեալ գործնական առաջարկը։

Մենք ունենք երկու ընկերութիւն՝ Հայոց գիւղատնտեսական ընկ. և Հայոց ազգագրական ընկ., որոնք կարող են այստեղ մեզ հետաքրքրող այնքա՜ն կարևոր հարցերի նկատմամբ շօշափելի ծառայութիւն մատուցանել։ Դրանք երկուսն էլ պաշտօնական ճանապարհով ընդունուած եւ հաստատուած մարմիններ են. երկուսն էլ ունեն գործունէութեան բաւական լայն ծրագիրներ, որոնց հազիւ 1/4 մասը իրականացւում է կենդանի փաստերով։ Այդ ընկերութիւնները կարող են մէկը միւսից տարբեր, բայց մէկը միւսին անհրաժեշտօրէն օժանդակող ու լրացնող սահմաններում վիճակագրական աշխատանք կատարել։ Թող դրանք հիմնեն ստատիստիքական փոքրիկ մարմիններ կամ օրգաններ, իբրև ընկերութիւնների անմիջական մասնիկներ, եւ նրանց յատուկ պարտականութիւնը լինի միմիայն նիւթեր ու թուեր ժողովելը։

Գիւղատնտեսական ընկերութեան ստատիստիքական օրգանը պէտք է գործէ միայն գիւղատնտեսութեան սահմանում, նա կարող է գարնանը եւ ամառը վար ու ցանքսի և բերքերի հաւաքման ամիսներին արշաւախմբեր կազմակերպել եւ ուղարկել հայկական գաւառների խուլ անկիւնները դիտողութիւններ, նիւթեր հաւաքելու համար։ Կասկած չը կայ, որ այդ խմբերը կարելի է օժտել պաշտօնական ինստրուկցիաներով և դնել նրանց տրամադրութեան տակ, օրինակ, տանուտէրերի, գիւղական վարչական մարմինների հարկաւոր ծառայութիւնը։

Շրջելով զանազան գաւառների եւ գաւառակների զանազան գիւղերը, իրանց գործը հասկացող արշաւախմբերը կարող են շատ թանկագին նիւթեր ու տեղեկութիւններ հաւաքել։ Օրինակ, նրանք կարող են իմանալ հայ գիւղացիների (անշուշտ հնարաւոր դէպքերում պարտաւորապէս նաև հարևան