Էջ:Grigor Zohrap, Novellas (Գրիգոր Զոհրապ, Նովելներ).djvu/164

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րաքաղաքեն եկած մեկը, որ օր մը զինքը հոն տանելու ամեն երաշխավորությունները կ’ընծայեր:

Արդարև այս էր իրենց խոսակցությանց մեջ հաճախող հանկերգը.

- Երբոր Պոլիս երթանք…

Անկեղծ էր այս մարդը, երբոր Զարուկին հետ մայրաքաղաք դառնալու ծրագիրը, գուցե հազարերորդ անգամը ըլլալով, կը պարզեր անոր շլացած աչքին առջև: Քա՜նի-քանի անգամ Պոլիսը նկարագրեր, բացատրեր էր:

Քանի մը տարի այս գեղին մեջ կենալե ետքը, Պոլսո կարոտը ու անձուկը կը զորանար այս դասատուի հոգիին մեջ, ու գեղին միօրինակ ու ընդարմացուցիչ կյանքովը ապրելու տեղ, մայրաքաղաքին մեջ անոթի տանջվիլը կը նախընտրեր:

Երբեմն, իր երիտասարդ կնոջը կը նկարագրեր Վոսփորը, իր օձապտույտ գալարումներովը, երկու դիեն բարձրացող ապարանքներու շքեղությանը մեջ. ու կը պարծենար ատով՝ իբրև թե իրը ըլլային այդ բոլորը: Ու ասանկով, այր ու կին կը համաձայնեին, մոռնալով չնչին ամսականե մը ձևացած ապրուստի մը բոլոր զրկանքները, միամիտ վստահությամբ մը հավտալով, որ Պոլիս ոտք կոխելնուն՝ իսկույն ձեռքե ձեռք պիտի քաշեին այս ուսուցիչը, ամսականները պիտի թափեին չորս դիեն, ըղձացված հանգիստը բերելով իրենց:

Ու առժամանակյա կայանքի մը համոզումով այս գեղին մեջ կեցեր էին, դիմումներ ընելով Պոլիս, հոն գործ ու պաշտոն ձեռք ձգելու համար, ոչ ոք պատասխան կուտար իրենց, մանկավարժական տաղանդնուն կոչում կ’ըներ. սկիզբները այս դժվարությունները չբավեցին անոնց երիտասարդի հուսալից կորովը փճացնելու, նոր նամակներ գրեցին գեղեն, ծանոթներու դիմումներ ըրին շարունակ:

Զարուկ տարի մը չանցած իր առջինեկը ունեցավ. հետո երկրորդ մը. և հե՜ա, միշտ շնորհալի կին, տնական սպասավորության տաժանքովը կը պաշարվեր հետզհետե: Իր ոսկեզօծ երազները, խուսա