Էջ:Grigor Zohrap, Novellas (Գրիգոր Զոհրապ, Նովելներ).djvu/166

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այս հարձակումներուն տակ՝ ճամփված դասատուն անդարձ կորսված կը զգար ինքզինքը: Կուսակից չուներ, ինչ որ հազվագյուտ բան մըն է գեղերու մեջ. պարտքը մինչև վիզը ելած էր, ու հացի, չոր հացի կռիվը կը սկսեր՝ իր բոլոր զարհուրանքին տակ ընկճելով այս հեք ընտանիքը:

Նախ, իր ունեցած բառգիրքերը ծախեր էր. հետո կնոջը քանի մը կտոր գիրքերը, ոսկեզօծ մրցանակները, որոնք այս նեղության օրերուն մեջ միայն՝ իրենց պահված տեղեն դուրս ելեր էին, իրական ու շոշափելի օգուտ մը արտադրելու համար:

Ե.

Երբոր, դատի մը առթիվ, ես այդ կողմերը գացի ասկե քանի մը տարի առաջ, դրացիներուն ոդորմությունը միայն կ’ապրեցներ այս ընտանիքը:

Դասատուն ծանր հիվանդ էր, գացի տեսնելու զինքը իր անկողնին մեջ: Երեսուն տարու չկար դեռ հեք տղան և սակայն մազերը ալևոր էին բոլոր: Աչքերը, որ ջերմեն կը փայլեին, փոսը ինկած էին. դիակի դեղնություն մը ծավալած էր իր խոռոչացած այտերուն վրա. դրան առջև՝ իր երկու տղաքը, պզտիկ շալվարներ հագած, երկու պզտիկ փոթուրլըներ, կը խաղային իրենց տարիքին անգիտակից ու շքեղ անփութությամբը:

Մայրերնին՝ գույնը նետած պասմաե շրջազգեստի պես բան մը հագած էր. իր սև ու հին յազմաեն՝ որ այրիի մը երևույթը կուտար անոր՝ առատ մազերը կը թափեին դուրս ճակտին վրա ու կռնակեն մեջքը կը հասնեին:

Մաքուր հայերենով մը, որուն մեջ զիս զարմացնելու անմեղ պչրանքը զգացի, խոսեցավ հետս, իր էրկանը կարոտ վիճակը պարզեց, ամուսնացած օրեն օր մը դեռ հանգստի երեսը տեսած չըլլալը խոստովանեցավ: