իր քույրերը կը հավաքեին լվացարար Մարիամեն, որ ամեն տուն մտնել ելլելուն համար՝ ամեն բանի տեղյակ էր:
- Գիտե՞ս, Նիկողոս աղա, Պոյաճյաններուն աղջիկը կը կարգվի կոր:
Միշտ ամուսնության լուրով մը կը սկսեր շարքը, զոր Նեկտար հանըմ իրեն տունը մնալու անիրավությունը շեշտելու նպատակով առաջ կը նետեր:
Հետո, տղուն և աղջկան տարիքին խնդիրը կուգար, ու հոս՝ վեճը կը դառնանար:
- Ես սանկ աղջիկ մըն էի, - կ’ըսեր Նեկտար՝ ձեռքը տախտակամածեն թիզ մը վեր բռնելով, - անիկա ալ ինծի մոտ բան մըն էր:
Նիկողոս աղան չէր կրնար համբերել ասոր.
- Խե՞նթ ես ի՞նչ ես. Նեկտար հանըմ, ան պզտիկ աղջիկ մըն է, քսան տարու կա չկա:
Ու պառված աղջիկը կը զայրանար, Բեմպե հանըմը վկայության կը կանչեր:
Խոսակցությունը կը կենար հոս, հետո կը վերսկսեր:
- Նշանիկ տղային կնիկն ալ իր սիրողեն զատվեր է, տանը ծախքին մեծ մասը, կնկան լաթերը մարդուն ստակովն է եղեր:
Ու գոհունակության հառաչանքով կ’ավելցներ.
- Հիմա ամեն բան հասցվեցավ, ես այդ կնկան հագվելուն խելք չէի հասցներ կոր:
Նեկտար հանըմը այսպես ամբողջ գեղին շրջանը կ’ըներ, դուռ-դուռ պտտցնելով իր քինախնդիր հոգիին ատելությունները, մեկու մը չխնայելով:
Ամեն գիշեր մինչև չորսը կը տևեր ասիկա ու հետո ամեն ոք իր սենյակը կ’առանձնանար:
Նիկողոս աղան Փերա չէր երթար, բայց շաբաթը գիշեր մը բացակա կը մնար տունեն: Այսպես էր տա