Էջ:Grigor Zohrap, Novellas (Գրիգոր Զոհրապ, Նովելներ).djvu/269

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վայելքը զրկանքին չափ կը տառապեցնե:

Ահավասիկ բոլոր խնդիրը:

Էմման իմս է, իմս բոլորովին, բայց զայն կորսնցնելու վախն է, որ ամեն վայրկյան կը պաշարե զիս:

Եթե օր մը ձգե զիս երթա՜, աստվա՜ծ իմ: Այս ահուդողին մեջ ո՛չ գիշեր, ո՛չ ցերեկ ունիմ ես. քաջառողջ մարդիկ կան, որոնք թոքախտ ըլլալու սարսափով իրենց կյանքը կը դառնացնեն. ես անոնցմե՞ եմ արդյոք, թե ոչ նախազգացումը, մերձավոր կորուստին նախազգացումն է, որ զիս կը խռովե: Ճշմարտության ասիկա ավելի մոտ է. երջանկությունս այնքա՜ն մեծ է, այնքա՜ն անհավատալի, որ վայրկյաններ կան, ուր անոր ստուգության վրա կը սկսիմ տարակուսիլ. քնաշրջիկի մը պես կ’անցնիմ կյանքին մեջեն, երազաշեն աշխարհի մը շրջանը ընելով, որչափ օրվան մեջ… և ե՞րբ պիտի ըլլա զարթնումը:

Տեսնելով իմ անհամբերությունս այս անկապ ու անհարիր խոսքերուն դեմ:

- Երջանկութենե երես առած մեկը չեմ, - ավելցուց բարեկամս, - մեկը անոնցմե, որոնք իրենց եզական բախտավորությունը ուրիշի մը վկայությամբը հաստատելու հաճույքին համար՝ անոր կը պատմեն զայն՝ հատկապես խել մը դժգոհանքի պատճառներու մեջ պարուրելով:

Ո՛չ. ես իրական անձկության մը մատնված եմ, վախի մեջ, թե ուրիշ մը Էմման ձեռքես պիտի հափշտակե: Ո՞վ է այդ մյուսը, մեջտեղ ելա՞ծ է արդեն, թե երևան պիտի ելլե. մութ հարցեր ինծի համար, բայց այդ մյուսը կա. կասկած չունիմ ատոր նկատմամբ: Գիտե՞ս, երբեմն սենյակիդ մեջ գիրք մը կարդացած պահուդ, կամ պատուհանեն փողոցը դիտած մեկ վայրկյանիդ, առանց ոտնաձայն մը լսած ըլլալու կը զգաս իսկույն որ մեկը ներս մտած է. չես տեսած դեռ զինքը, բայց ապահով ես, ստուգությունը ունիս, որ գլուխդ վեր առնելուդ գիրքիդ վրայեն, կամ ետիդ դարձնելուդ, մարդը պիտի տեսնես, և իրոք զայն կը տեսնես ալ: Ես ալ ատոր պես՝ իմ երջանկությանս մեջ ոտք կոխող ինե ուրիշի մը գոյության ահավոր ստուգությունը ունիմ: Ի՞նչ կ’ըսես դուն ասոր: