Էջ:Grigor Zohrap, Novellas (Գրիգոր Զոհրապ, Նովելներ).djvu/273

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հաջորդ վաղահաջորդ ու մյուս օրերը Էմման իր էրկանը հետ ա՛լ ավելի սիրով, ա՛լ ավելի մտերիմ և ինծի դեմ ավելի անտարբեր ու սառն գտնվեցավ:

Հնարք մըն էր աս՝ էրկանը կասկածները չարթնցնելու համար:

Գիտե՞ս թե ինչ ծանր զոհողություններու պարտավորեց զիս այս սերը: Եթե ոչ պատվո, գեթ խղճմտանքի դեմ շատ մը մեղանչումներու առաջնորդեց զիս. ոչ ոք ինե ավելի խստությամբ կը դատե իմ արարքըս. ծնողքս՝ որոնց բոլոր համոզումները, ակնկալությունները, շոյած երազները ոտնակոխ կ’ընեի. այն սիրուն աղջիկը՝ որուն սիրտը վաստկեր էի այնքան անարժանությամբ և որ քիչ մնաց նշանածս պիտի ըլլար. ասուց լուռ կշտամբանքը կը զգայի սրտիս մեջ. ամուսնացած, զավկըներու տեր կին մը հրապուրելու ձեռնարկը ոչ նվազ անարգ ու անարժան գործ մը կ’երևար ինծի. ու այս ամենը կոխելով անցնելով, ա՛լ ավելի ուժով կապված կը զգայի ինքզինքս Էմմային հետ, իմ բոլոր հանցանքիս մեծությամբը կապված:

Էմման ինքը զիս ընդուներ էր նախ անոր համար, որ իմ ցուցուցած անսահման սիրույս պես սեր մը տեսած չուներ. հետո, գեղեցիկ կին մը միշտ պետք ունի, որ մեկը իր գեղեցկությունը երեսին ըսե. հոմանին[1] տեսակ մը խոսուն հայելի է, կանանց արդուզարդի սպասին մասը կազմող: Շատ վերջը միայն, կարծեմ, ինք ալ փոխադարձ համակրություն մը զգաց ինծի համար: Այդ միջոցին էր, որ հանկարծ, ինքնաբերաբար, շատոնց որոշված վճռված բանի մը պես, հայտնեց ինծի, թե պատրաստ է զատվելու իր էրկնեն՝ ինծի հետ ապրելու համար: Էմմային այս արիությունը բոլորովին զիս կապեց իրեն. ահա թե ինչու ես ալ իմ ծեր հայրս ու մայրս թողուցի:

Անկեղծությունը կը մեծարեմ նույնիսկ, եթե հանցանքի մը մեջ ի հանդես կուգա: Չեմ սիրեր մանվածապատ ձևերը, որոնց տակ Մեղքը կը պահվըտի ու կը շարունակե Առաքինության հատուկ մրցանակները քաղել: Ըսողներ կան, որ բարոյականի կեղծիքն ալ

  1. հոմանի - սիրեկան (ամուսին ունեցող կնոջ), տարփածու