Էջ:Grigor Zohrap, Novellas (Գրիգոր Զոհրապ, Նովելներ).djvu/276

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տղոցը տունեն դուրս ելլելուն. տժգույն այտերը կարմրած ու երեսին վրա այն չեմ գիտեր ինչ արտահայտությունը կար, որ հանցավոր կինը կը մատնե:

Կասկած մը, փայլակի մը արագությամբ, անցավ մտքիս մեջեն. թերևս հոս, այս տանը մեջ, ուր էրիկը բացակա էր ցերեկ ատեն, կը տեսակցեր իր սիրած մարդուն հետ. սպասավորները, որ վերջապես իր առջի ծառաներն էին, կրնային դրամի համար աչք գոցել եղածին:

Այսօր, երկու ժամ կա, Էմման նորեն գնաց հոն. ես որոշումս տվեր էի արդեն: Քիչ մը ատեն անցնելե վերջը դուռը զարկի. սպասավոր մը դիմավորեց զիս. պատրվակ մը պետք էր այս տան մեջ մուտքս արդարացնելու համար, տանտիրոջ անունը տվի:

- Վերն է, պատասխանեց սպասավորը. իմաց տամ:

Ապշեցա. էրիկը տո՞ւնն էր այս ժամուն, հետո սանդուխներեն վեր նետվեցա. սպասավորը հազիվ ետևես կրնար հասնիլ, իզուր ջանալով խոսք հասկցնել ինծի, կեցնել զիս: Ոչ ոք կար տան մեջ. միայն, էն վերի հարկը, ուր հասեր էի ահա, ննջասենյակի մը կիսաբաց դուռնեն անուշ ձայն մը, Էմմային ձայնը, ականջիս դպավ, ու զգուշությամբ մոտենալով կրցա որոշ կերպով տեսնել զինքը իր ամուսնին թևերուն մեջ մարմնակործան:

(1901)