Էջ:Grigor Zohrap, Novellas (Գրիգոր Զոհրապ, Նովելներ).djvu/83

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
Ա.

Ոչ ոք իրեն չափ աստվածասեր ու աստվածավախ էր միանգամայն. կյանքի բոլոր երևույթները, բնության բոլոր գաղտնիքները աստուծո գաղափարովը կը բացատրեր ու կը հասկնար ինքը՝ խելացի կին մը սակայն:

Աղոթքը իր հոգվույն ամենեն անդիմադրելի պետքն էր, հորմեն մորմեն ժառանգած այս որոշյալ ժամերու աղոթելու սովորությունը, զոր զավակներուն թողուլ կը խորհեր:

Իր ամուսնության առջի օրեն, դեռ երիտասարդ կին ու աղքատացած մարդու աղջիկ, էրկանը փարթամ ու հարուստ տանը մեջ չէր կրցած համակրություն շահիլ, ու պարտավորված էր հյուրի մը պես, ավելորդ, ձանձրացուցիչ օտարականի մը նման, զգույշ ու անձայն մնալ, ոտքին մատներուն վրա կոխել: Այն ատեն ժամասիրությունը իր ճշմարիտ սփոփանքը եղած էր:

Այն գեղին, ուր Սոֆիկ հանըմ հարս եկած էր, կը սիրեր փոքրիկ եկեղեցին, պարտեզ մը կը բաժներ իրենց տունը աստուծո տունեն: Իր հարսանեկան սենյակին մեկ պատուհանեն կը դիտեր ծովը մշտաշարժ ու անհուն կապույտովը, մյուսեն՝ եկեղեցվույն կամարները, երկուստեք դուրս ցցված պահարաններով, որոնք շենքին երկայնքին հետ ամրակուռ ու քառակուսի խաչ մը կը ձևացնեին, իբրև անքույթ[1] ու անշարժ խարիսխ մը, որուն իր ձեռքն էր փարիլ:

Իր ամուսնությունը, որով աշխարհի պայքարին մեջ կը թևակոխեր, աստուծո բացորոշ կամքին, վերագրված էր միշտ և այս անծանոթ տան ու կյանքին, նոր բացվող ապագային մեջ այս ուղևորությունը՝

  1. անքույթ - անվրդով, անխռով, ապահով, անվտանգ. անմատչելի դարձած