Օրիորդ Ս. Տ. — Օրիո՛րդ, սատանայի կերպարանք մտնելուդ շատ սխալած ես, տեսածիս պես՝ ճանչցա զքեզ։
Պարոն Գ. Ց. — Դուն ալ կրոնավորի զգեստ հագած՝ կնիկներուն կը քծնիս, հե՜ե՜... ապրի՜ս։
Պարոն Ֆ. Ք. — Կնկան կերպարանափոխվեր ես, բայց հասակդ կը մատնե կոր զքեզ․ անդին գնա՛, խաբվող չկա, ես չեմ ուզեր, գնա՛, ուրիշին քովը նստե՛, ու անոր կոտրտվե։
⁂
Առ տիկին Թ․ — Տիկի՛ն, սովորությունը կը պահանջե, որ տիկին մը կերակուր կերած միջոցին գլխարկն ու ձեռնոցները հանե:
Առ․ պարոն Հ․ — Կարգված և քանի մ՝ալ զավկի տեր մարդ մես, կը վայլե՞ քեզի, որ ճամբադ ձգես և ետևի թաղերեն երթաս գաս։ Փոխե այս ընթացքդ, եթե չես ուզեր քու և ուրիշի ընտանյաց մեջ խռովություն հանել։
Առ օրիորդ Չ. — Այդպես կազ քալելուդ՝ ոտքի ամաններդ քիչ մը մեծկակ առնեիր։
Առ պարոն Շ. — Խելքիդ պտուկը սիրեմ. հարյուր իննսունը իննը ոսկի տան նե չե՞ս առներ ատ աղջիկը։
Առ տիկին Կ․ — Մատա՛մ, մատա՜մ, Էֆենտին կուգա կոր.․․
Առ օրիորդ Ց․ — Օրիո՛րդ, ի՞նչ կընես կոր, որ այդ շինծու պենկերդ չեն ավրվիր կոր։
Առ պարոն Դ. — Քուկին գործիդ ալ խելքս չհասնիր. ստակ չունիմ կըսես, ինձմե աղեկ կը հագվիս, կը սգվիս, կուտես, կը խմես, կը պարտիս, կը զվարճանաս... վերջդ բարի։
Առ պարոն Վ. — Գլուխ ցավցուցիր, աղբա՛ր, երկու ժամ Է, որ երկու օխա ածուխ պիտի առնես ու չես կրնար կոր սակարկությունը հարմարցունել։
Առ տիկին Շ. — Մյուսյու Բոլին հետ պատուհանեն վար երկու ժամ չխորաթեիր նե ֆասուլյայիդ մեջ աղ դնելու չէիր մոռնար և իրիկունն ալ էրկնեդ ծեծ չէիր ուտեր։
Առ պարոն Ց․ — Դուն ալ մինչև որ օրը քանի մը ժամ ուրիշի աղջիկները չբամբասես՝ քէյֆդ. չգար։
Առ պարոն Փ. — Վարդապետ պիտի ըլլաս, եղի՛ր, հե՛, հա՛, հա՛, հա, պարտքերեդ խալսելու ուրիշ միջոց մը չգտա՞ր, եղբայր:
Առ տիկին Ս. — Աղվոր ես, տիկի՛ն, աղվո՛ր, հայելիին առջևեն քիչ մը ասդին եկո՜ւր։
Առ պարոն Վ. — Պարո՜ն, քու պաշտոնդ չէ կարծեմ, օրիորդին