— Ղալաթիո թընելի՞ն հետ պիտի միանա, չէ նե զատ պիտի բանի։
— Այս թընելը զատ պիտի բանի, բայց ասիկա շատ պիտի վաստկի, որովհետև կառք չունի, որ կոտրի, թել չունի, որ բրդի։
— Ի՞նչպես կերթան կուգան կոր։
— Ոտքով երկար ճամբա չէ արդեն։
— Ուսկի՞ց կերթա կոր, մինչև ո՞ւր կերթա կոր։
— Քեոմյուրճյանի սենյակեն, Սարաֆյանի սենյակը։
Քառասուն քայլ հեռավորությամբ պզտիկ ճամբորդություն մը։
— Ատ ընկերությունը ի՞ն կրնա վաստկիլ ատով։
— Ատ ընկերությունը առջի գիշեր ժամվան մեջ չորս հինգ հազար ոսկի է վաստկեր, Քեոմյուրճյանի սենյակը մտեր, քասան բացեր, մեջինները առեր գացեր է։
— Գողությո՞ւն։
— Կը հարցունե՞ս։ — Ատանկ է նե մենք ալ սա մեր սենյակը փորել տանք, Խիկա՛ր, տակեն բան մը չելլա՞։
— Մի՛ վախնար դուն, քուկին թրնել ըսածդ հարուստ մարդոց սենյակներուն տակեն միայն կը բանի։
— Գետնին տակը անցնի այն թընելի ընկերությունը, որ մեզի նոր տեսակ գողություն մ՝ալ սորվեցնելու պատճառ եղավ։
— Ի՞նչ վնաս ունի. անցյալները լրագրի մը մեջ կարդացի, որ եվրոպացի մարդուն մեկը մուրացկանության արվեստ սորվեցնելու համար աշակերտ կը փնտրեր...
— Մուրացկանությունը անոնք գան թո՛ղ մեզմե սորվին, անոնք թեորին գիտեն, իսկ մենք բրաքթիքով կը սորվինք տե՝ անոնցմե աղեկ կեփինք արվեստին մեջ։
— Իմ ըսելիքս ատ չէ. իմ ըսելիքս սա է, որ մենք ալ գողության դաս կուտանք անոնց։
— Աղեկ հույն դասատու մը բռնելու է։
— Հայն ինչո՞ւ ըլլա, մեր ազգեն մեկը թող վաստկի։
— Գողության դասատուն հայ ըլլա նե՝ հունաց արժանապատվությանը կը դպչի, դուն այս գործը անոնց ձգե, ինչու որ մենք գողության դասատու չկրնալ ըլլալնես զատ, աշակերտ անգամ չենք կրնար ըլլալ։