Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/520

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ձիդ դուռնյուռեն կը վախնա՞:

— Չվախնար, հոգ մի՛ ըներ... վարմված է անիկա։

— Շատ աղեկ։

Կը նստի կառքը, կը հասնի նավամատույցը և կը մտնե շոգենավ, ինքնիրեն ըսելով՝

— Շոգենավը դուռնյուռեն չվախնար ա՛... զբոսանքս հարամ եղավ։

Երկար կըլլա հոս նկարագրել կռիվն, որ Կիրակոս աղան ունեցավ կնոջը հետ տուն դարձած ժամանակը։

— Մեզի հետդ չառիր և անոր համար ոտքդ ցավցուցիր, մենք ալ մեկտեղ գայինք նե այդ փորձանքը չէր պատահեր, կըսեր կինը։

Կիրակոս աղան չպատասխանեց։ Վաղը Խիկարին երթամ ու սա դուռնյուռներուն դեմ բան մը գրել տամ ըսավ միայն, և արդարև քանի մը օր ետքը մեր գրասենյակը եկավ ու պատմեց մեզ ինչ որ գրեցինք:

Ահավասիկ դուռճյուռը և ահա Կիրակոս աղան.

Մնացածը կանանց խղճին կը հանձնենք։


ՎԱՐՁՈԻ

Վարձու տուն մը վեց սենյակով, ջրհորով և պարտեզով։

Վարձու լրագիր մը յուր էջերով, գաղափարներով և սկզբունքներով։

Վարձու թաղական մը, որ պատրաստ է ատենապետին ամեն մեկ ակնարկին «էվեթ էֆենտիմ պելի էֆենտիմ, էոյլե տիր էֆենտիմ»¹ պատասխանելու:

Վարձու խմբագիր մը, որ պատրաստ է ուզված խնդիր մը պաշտպանելու. գիները կը սակարկվին խնդրույն կարևորության համեմատ։

Վարձու երեսփոխան մը յուր հավանությամբ և քվեով։

Վարձու երեսփոխանի մը լռությունը, որ պատրաստ է պապանձել եթե մինչև իսկ ազգը ծախեն։

Վարձու փաստաբան մը, որ պատրաստ է սնանկանալ ուզողներուն տետրակներ պատրաստեր ապրանքնին փախցնել և եթե սնանկանալու փափագ չունին՝ ներշնչել իսկ սույն փափագը.

Վարձու բժիշկ մը, որ պատրաստ է եղբայրակցի մը սխալը ծածկելու, ուրիշ կերպ չէր կրնար ըներ հանցանքը մեռնողինն է ըսելու։