Երկու արհեստավոր կը կանչես և անոնց կը հարցունես, թե սապես շենք մը ինձի քանի՞ ոսկիի կրնաք շինել։ Անոնք հազար երկու հարյուր ոսկի կուզեն, դուն հազար ոսկի կուտաս և սակարկությունը լմնցնելեն ետքը ատոնք կսկսին այդ շենքը շինել։
— Շատ աղեկ։
— Ցերեկը աշխատելեն ետքը, գիշերն ալ կաշխատին, որպեսզի ժամ առաջ լմնցնեն. ուրիշ գործավորներ կը բերեն, անոնց ալ օրական կուտան և վերջապես երկու ամսվան մեջ լմնալիք մեկ գործը քառասուն օրեն կը լմնցնեն ու քեզի կուգան ստակնին կուզեն։
— էֆենտի՛, շենքը լմնցավ, ստակնիս տայիք։
— Ի՞նչ ստակ, օրականնիդ չառի՞ք մի յա։
— Մենք օրականո՞վ կ՝աշխատինք կոր, մեր վրա ձգած չէի՞ր այդ շինությունը հազար ոսկիի։
— Սխալ է, տղաքս, սխալ։
— էֆենտի՛, մենք գիշերներն ալ բանեցանք մինչև առտու, որպեսզի ժամ առաջ լմնցնենք։
— Ատոր համար հատկապես շնորհակալություններս կը հայտնեմ։
— Մեր քսակեն ուրիշներուն ալ ստակ տվինք, որպեսզի...
— Շնորհակալ եմ։
— Եթե օրականով ըլլար՝ երկու ամսվան գործ կար, մենք գիշերներն ալ աշխատեցանք, ծախս ըրինք, պարտք ըրինք, հուսալով որ քանի մը ղուրուշ պիտի վաստկինք։
— Օրականնիդ չառի՞ք, ի՞նչ կ՝ուզեք։
— էֆենտի՛, օրականի հաշվով ստակ առած չենք, հինգ հարյուր ոսկի առած ենք, զորս քարի, կիրի, տախտակի տվինք, հինգ հարյուր ոսկի ալ կ՝ուզենք, ասոր չորս հարյուրը պարտքի պիտի տանք, և հիսունական ոսկի ալ մեզի պիտի մնա։
— Ես ատանկ բաներ չգիտեմ։
— Մեզի մեղք է, էֆենտի, պարտք ըրինք մենք։
— Կը մեղքնամ ձեզի, որ պարտք ըրած եք. բայց ինչո՞ւ պարտք կ՝ընեք կոր։
— Քեզմե առնելիքնիս առած ատեննիս պարտքերնիս տալու համար։ Տվե՛ք, էֆենտի, տվե՛ք, մեղք է մեզի։
— Ես ստակ մը չեմ տար, ատ հինգ հարյուր ոսկին ես պիտի առնեմ, ես առնելու չըլլամ ալ նե դուք ստիպելու եք, որ առնեմ, որովհետև ձեզի գործ գտած եմ։