— Քանի՞ տարեկան ես, բարեկամ։
— Ութսուն.․.
— Ութսո՞ւն... ծերացած ես։
— Այո։
— Քանի՞ տարի աշխատեցար ծնողացդ, զավակացդ, ազգականացդ և ազգիդ օգտին համար։
— Քսան տարիե հետե անգործ եմ։
— Վաթսուն տարեկան ես ուրեմն։
— Տասն և հինգ տարի ալ շարունակ կորուստ ունեցած եմ պործիս մեջ։
— Ըսել է թե քառասուն և հինգ տարեկան ես։
— Տասն և հինգ տարի ալ հորս գործերուն դատերովը զբաղեցա։
— Չըսե՞ք, թե երեսուն տարեկան ես։
— Տասը տարի ալ շողոքորթութենե շրջապատված ինքզինքս կեր ու խումի և զվարճությանց տված եմ։
— Ճիշտ քսան տարեկան ես։
— Քսան տարի ալ Սաղմոս, Նարեկ կարդացի։
— Տակավին տղա ես ուրեմն... բայց, ի՞նչ ծեր տղա։
Ավաղիկ մարդ մոր ութսուն տարիե ի վեր մեռած և այսոր ութսուն տարեկան եմ կըսե, որպես թե մարդս ծառ ըլլար կամ քար ու կիր շենք։
Այսպիսյաց համար է անշուշտ, որ սուրբ Գիրքը կըսե. «Ականջ ունին և չեն լսեր, աչք ունին և չեն տեսներ»։ Այսպիսյաց համար ես ալ կըսեմ. «Սիրտ ունին և չեն զգար, միտք ունին և չեն խորհիր. շունչ ունին և չեն շնչեր, կենդանություն ունին և չեն ապրիր»։ Քանի ծերունիներ կը մեռնին արդյոք իրենց ծաղիկ հասակին մեջ...
Անցնինք այժմ Խիկարին:
Խիկար ծնած է 1884 հունվարի 31-ին և մեռած է նույն տարվո սեպտեմբերի 30-ին։ Հետո վերստին լույս եկած է առանց փոխվելու — 1885 հունվար 31-ին և երկրորդ անգամ վախճանած է միևնույն տարվո մարտ 31-ին։ Երրորդ անգամ նորեն աշխարհ եկած է 1886 օգոստոսին և ցարդ պատիվ ունի աշխարհիս վրա գտնվելու։
Խիկար՝ ըստ որում ծնյալ 1884 հունվար 31-ին, իրավունք ուներ, ըստ սովորության, 1885 հունվարի 31-ին թևակոխել յուր Ե. շրջանը, բայց նա նկատելով, թե երեք տարի ապրած է հրատարակվելով և տարի մալ ապրած առանց հրատարակվելու — առանց հրատարակվելու ապրիլ կը նշանակե չվճարող բաժանորդաց