բացառությամբ — կողովներու մեջ պիտի լցներ և ծովը պիտի թափեր։ Եթե ոստիկանությունը հսկեր՝ պիտի աքսորեր զանոնք իբրև սպանիչ ազգային մանկտյաց ժամերուն, որովհետև այս դասագրյանց մեծագույն մասը այնքան համառոտ է, որ կես ժամու մեջ կարելի է ազգային պատմություն սորվիլ և մեկ ժամու մեջ թվարանություն։ Ազգային մամուլն, կրթական տեսչության, վարժարանաց հոգաբարձությանց անկ է զգուշացնել ժողովուրդն այս աժանութենեն և հանձնարարել այն դասագիրքերը միայն, որ ճշմարտապես արժանի են հանձնարարության։
Ավետիս էֆենտի Թնկրյան, վաճառական և երեսփոխան, ամիս ու կես առաջ ներկա կը գտնվի Դպրոցասեր տիկնանց ընկերության վարժարանին հարցաքննությանց։ Կը հավանի հոն շրջանավարտ աշակերտուհիներեն միույն, օրիորդ Տ․ Երանոսյանի կրթության և վարուց, կը դիմե վարժարանին խնամակալությանը և փափագ կը հայտնե նշան տալ հիշյալ օրիորդին։ Խնամակալությունն հավանություն կուտա և նշանտվությունը կը կատարվի։
Մոռցանք ըսելու, թե աղջիկը դրամ չունի։
Այս նշանտվությունն զարմանք պիտի պատճառե անշուշտ վաճառականաց դասուն, որ սովոր է ոսկի խառնել սիրո մեջ, մետաղ որ կը բառնա սերեն անոր փափկությունն և կը կարծրացնե ամուսնությունն։
Երիտասարդները ժամանակավ իրենց ապառնի կողակցին կրթությունը, վարքն ու բարքը կստուգեին։
Այս ավուր երիտասարդաց հարցարանն է․
— Ո՞րքան ստակ ունի աղջիկը։
— Տուն ունի՞։
— Տունը քանի՞ սենյակ ունի։
— Հոր կա՞ տունին մեջ։
— Հայրը հարո՞ւստ է։
— Մայրը ծե՞ր է, շուտ կը մեռնի՞։
— Հարսնիքեն առաջ գումար մը կրնա տալ ինձի։
— Տունը իմ վրա կը դարձնե՞ մի։
— Ֆերազին ծախքը իրենք կը հոգա՞ն մի։
— Չորս տարի տուն փեսա կընդունի՞ն մի ինձի։
— Պզտիկ դրամագլուխ կուտա՞ն մի ինձի։
— Երեք ամիսեն վճարելի չորս հարյուր ոսկվո փոխանակագիր մը քաշեմ նե աներոջս վրա կընդունի մի։
— Ունեցած պարտքերս կը վճարե՞ն մի։