ԶԱՎԵՇՏԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ
Առաջին անգամ հրատարակվել է «Լույսում», 1882 թ., մի մասը Խիկար և Ապտակ ստորագրություններով (№ 224, 251), իսկ մյուսը՝ անստորագիր (№ 243, 258)։
1. «Նեննի, պապամ, նեննի» — օրոր, օրոր։
2. «Հելե՜սա, հելե՜սա, հեյամոլա, հելե՜սա» — «Հելե՜սա, հելե՜սա, էյա մոլա, էյա լեսա» — հույն նավաստիների և ձկնորսների աշխատանքային երգի ձայնարկություն։
3. «...թահընլը է թորիկս» — Սիսեռով կոլորակը քնջիթի յուղով է։
4. Ծաղրված է «Ճերիտեի Հավատիս» հայատառ թուրքերեն թերթի անդեմությունը:
5. Գրասեր Ատոմը Ե. Տեմիրճիպաշյանն է։
6. Ակնարկը մեզ անհայտ է։
7. «Ել աեիրմենի» — Հողմաղաց։
8. Անվանելով «Մանզումեի Էֆքյար» հայատառ թուրքերեն թերթին բեղամպար (մարգարե), ֆիլոզոֆ (փիլիսոփա), դիպլոմատ (դիվանագետ) հեգնել է թերթի անգիտությունը։
9. «Տոքանմա պանա, եըքըլըրըմ, հա՜» — Ինձ մի դիպչի, կփլվեմ, հա՜. ծաղրել է «Մեճմուայը Հավատիսի» ոչնչությունը, դիմադրության թուլությունը։
10. «Վել հասըլ Միլյեթ մեհլիսի ենիտեն թանզիմ օլումալը քի միլլեթին իշլերի տե տյոպելսին» — Վերջապես Ազգային ժողովը նորից պետք է ընտրվի, որպեսզի ժողովրդի գործերն էլ կարգավորվեն։
Ենթադրում ենք, որ մեջբերումը «Մեճմուայր Հավատիս» հայատառ թուրքերեն թերթից է, և կամ գրված է ըստ նրա հոդվածների բովանդակության։ Նպատակն է ցույց տալ թերթի ազգային կյանքի կողմնակի մասնակցությունը, որը սահմանափակում էր նման հայտարարություններով։
ՃԻԶՎԻԹԸ
Առաջին անգամ հրատարակվել է «Լույսում» Խիկար ստորագրությամբ, 1882 թվականին (№ 234)։
1. Խայթել է «Մեճմուայի Հավատիսի» խմբագիր՝ Հովսեփ Վարդան փաշային, որը կաթոլիկ էր:
2. Բեռլինի վեհաժողովի 61-րդ հոդվածը վերաբերում էր Թուրքիայի հայաբնակ գավառների գոյավիճակին։
3. Քողարկված երգիծանքը, երկդիմի ակնարկը ուղղված է Արևմտյան Հայաստանում գործող կաթոլիկ քարոզիչների դեմ։
4. «Օրա նրո նոպիս: Տը տես սանքթում» — Ora pro nobis։ de deo sancto։ «Աղաչեա վասն մեր: «Սուրբ աստծու մասին»։
ԾԻԾԱՂ
Առաջին անգամ հրատարակվել է «Լույսում», Խտիղ ստորագրությամբ, 1882 թ. (№ 243, 245)։
1. Հավաբուծությունը զարգացած Էր Բուլղարիայում։