Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/449

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԵՐԿՈԻ ՏԵՐՈՎ ԾԱՌԱ ՄԸ

(էջ 13 — 63)

«Երկու տերով ծառա մը» կատակերգությունը Հ. Պարոնյանի մեզ հայտնի առաջին ստեղծագործությունն է՝ գրված 1865 թվականի նոյեմբերի 18-ին, Պոլսում: Համաձայն ժամանակակիցների վկայության՝ հեղինակը չի ցանկացել տպագրել իր անդրանիկ այս երկը, համարելով այն գեղարվեստական տեսակետից թուլ գործ:


Կատակերգությունը առաջին անգամ տպագրվել է 1911 թվականին, Պոլսում։


Սույն հրատարակության տեքստը պատրաստված է ըստ հեղինակի ինքնագրի:


Կատակերգությունը գրված է բարակ թղթից կարված, անկազմ և արդեն դեղնած տետրակի (18,5x24) երկու երեսների վրա, սև թանաքով: Առաջին թերթը վերից վար կիսված է, հանված. հաջորդ երեսի վերին անկյունում հեղինակը մատիտով գրել է գործող անձանց անունները: Նույն էջում կան ծրագրային երկու նշումներ՝ «պարոնայք», «եկեղեցիեն» բառերը: Բուն նյութը սկսվում է երկրորդ էջից, որը համարակալված առաջին թերթն է: Համարակալումը հեղինակինը չէ, կատարված է հետագայում, սկսվում է 1-ով և ավարտվում 44-ով. ընդամենը 22 թերթ:


Բնագրի վիճակը ընդհանուր առմամբ բավարար է, բացառությամբ սկզբի երեք թերթերի, որոնք քայքայված են և անջատված տետրակից:


Հեղինակի ձեռագիրը ընթեռնելի է, պարզ և համարյա թե չկան հիմնական փոփոխություններ, բացառությամբ 41-րդ էջի, որի մեծ մասը, հայտնի չէ թե ում կողմից, ջնջված է մատիտով, բայց բնագիրը մնացել է անվթար, նույն ձևով ջնջված են 43-րդ էջի որոշ տողերը: Ինքը ևս, Պարոնյանը մատիտով ջնջել է բնագրի վերջին հատվածը, և փորձել վերաշարադրել, նոր լուծում տալ կատակերգության ավարտին, բայց մնացել է թերի: Ստորև բերված հատվածը այդ տողերն են, որոնք ժամանակի ընթացքում աղոտացել և արդեն անվերծանելի են դարձել: