Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/221

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նան ուտել, խմել և երգել, առանց ամենափոքր անհանգստություն մը զգալու։


Հոս սա աղեկությունը կա, որ իրարու միս չեն ուտեր և իրարու հետ շատ սիրով են։ Եթե երբեմն պատահի իրարու հետ վեճի բռնվիլ՝ քառորդե մը կը հաշտվին և դրսեն բնավ միջամտություն չեն ընդունիր, իրենց անկախությունը պաշտպանելու համար։ Ասոնք ընդհանրապես այնչափ իրարու քիթ մտնելով կը խոսակցին, որ հեռվանց տեսնողն կը կարծե, թե իրենց խոսակցությունը քթի վրա է։


Կիներեն ոմանք թեպետև իրենց անունները չեն փոխեր, բայց այնչափ կը փսխեն կերպարանքն, որ ցերեկին չես ճանչնար այն կինն, զոր առավոտուն տեսած ես, ոչ ալ երեկոյին կը ճանաչես այն աղջիկն, զոր ցերեկին տեսած ես: Միօրինակությունն այս գյուղին մեջ շատ ձանձրություն կը պատճառե, և մենք կը զարմանանք, որ Պոյաճի գյուղցին ի՜նչպես կը համբերե և շաբաթը անգամ մը տուն չփոխեր: Խնդրենք Աստուծմե, որ այս մոլությունն թաղականներուն և վարժարանը կառավարող անձերուն վրա չգործադրվի։


Իգական սեռն շատ կսիրե ճաշակով հագվիլը և ճաշակով բամբասելը։


Ամառվան եղանակին մեջ շատ տեղերե կուգան հոս օդափոխության համար: Ժամանակավ ուխտի կերթային, հիմա միայն օդափոխության կերթան։


Գյուղիս հայ տուներուն թիվը ճիշտ չգիտցվիր, բայց վաթսունի և յոթանասունի մեջ տեղը կը կարծվի։


Օդը խիստ է, այսինքն միապետական է, իսկ բնակիչները մեղմ են։


Գիւղիս անունեն ոմանք կենթադրեն, թե ատենոք կիները հոս պոյաներ կը շինեն և իրենց երեսներուն, մազերուն և աչերուն կը քսեն եղեր։ Ես ենթադրությամբ ուրիշներուն մեղքն առնելու կը վախնամ։