— Վա՜աայ... հյո՞ւր է արդյոք...
— Չաթ, լաթ, լաթ...
— Ո՞վ մտիկ պիտի ընե ասոնք, նա... ըսեք որ հոս չեմ...
— Չըլլար, պատուհանեն տեսան։
— Զաթ, չաթ, չաթ...
— Վերը տարեք և ըսեք, որ Պապիկ աղան անհանգիստ է
այսօր։
— Չաթ... չաթ...
Դուռը կը բացվի:
— Վեր հրամմեցեք, վեր հրամմեցե՛ք:
Հյուրերը վեր կելնեն։
Պապիկ աղան վստահ է ալ, թե փորձանքն անցուց։
Կես ժամ կանցնի, չանցնիք, Պապիկ աղային դուռը կը
բացվի, և հյուրերեն մին ներս կը մտնե:
— Պապիկ աղա:
— Ձայն չկա, արդյոք կը քնանա՛ կոր... Պապիկ աղա...։
— Քնանա կոր:
Պապիկ աղան արթուն է։
— Արթնցնենք... Պապիկ աղա, Պապիկ աղա... ըսելով
հանդերձ կը հրե, կը հրմշտկե Պապիկ աղան, որ արթննա։
Պապիկ աղային ճարը կը հատնի, կարթննա:
— Դո՞ւք եք, մոսիո Բոլ։
— Ես եմ... անցած ըլլա։
— Շնորհակալ եմ։
— Տիկինն ըսավ, թե անհանգիստ եք։
— Այո՛, շատ անհանգիստ եմ։
— Թե գլխու ցավ ունիք։
— Այո՛։
— Ես ալ ըսի, որ երթամ, նայիմ անգամ մը Պապիկ աղան,
վերջը չըսե, թե մեր տունն եկեր է ու չէ ուզեր քովս գալ։
— Շնորհակալ եմ։
— Ինչպե՞ս եղավ, որ գլխու ցավ ունեցաք։