ավելորդ է ըսել, թե մեծ խաբեբա մես, ուստի վաճառատանդ մեկ անկյունը քաշված, աչերդ կը սևեռես վաճառատանդ դռան, ուսկից պիտի գա որսն։ Քանի մի ժամեր կուգան, կը հոլովին, կը սահին, կանցնին, կերթան, և ահա հաճախորդ մը կերևա դռան առջև։ Անմիջապես ոտքի կելնես, կը վազես դիմավորելու հաճախորդդ և բազմոցիդ վրա բազմեցնելու։ Խահվե կը հրամցնես իրեն, կը շաղոքորթես, կը շոյես զինքն, կը քծնիս իրեն, չափազանց հարգանքներով կը շրջապատես զինքն և մեկ ժամ շարունակ սուտ կը խոսիս։ Գրագիրդ ալ ուրիշ սուտերով հաստատություն կուտա սուտերուդ։
Հաճախորդդ քիչ մը պարարտ է, երեք չորս հազար ոսկվո
գնում մը պիտի ընե։ Այլ և այլ ապրանաց օրինակներ կուզե,
ցույց կուտաս՝ գովեստներ կարդալով անոնց վրա, միայն թե
դափնյա պսակներ չես բոլորեր ապրանացդ ճակտին վրա։
— Այս ապրանքը հրապարակի վրա՛ չգտնվիր, մասնավորապես
մեզի համար ապսպրած ենք։
— Շատ ընտիր ապրանք է, կը հարե գրագիրդ, որուն հետ
փոխասաց կը՛լլաս։
— Սքանչելի ապրանք մէ, նմանը չկա։
— Ո՜ւր էր թե քանի մը հազար հակ ունենայինք այս
ապրանքեն։
— Ապրանք մորու գույնը չշրջիր:
— Ապրանք մոր հազար անգամ իսկ եթե լվացվի, չփոխեր
յուր գաղափարը։
— Սկզբունքի տեր ապրանք մը։
— Եվ հաստատ սկզբունքի տեր, որովհետև բնավ չպատռիր։
— Հարյուր տարի կրնա գործածվիլ։
— Ի՞նչ կըսեք, տեր իմ... հարյուր տարի... հարյուր հիսուն
տարի, երկու հարյուր տարի, երեք հարյուր տարի...
Ծիծաղ — Շիրիմ մը կանգնեցեք սա ապրանքին վրա,
ո՞վ հարուստներ...։
— Շատ պատվական ապրանք է։
— Եվ ամեն մարդու ալ չենք ցուցներ սա ապրանքը։