Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/321

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

էֆենտին քիչ մը շարժեցավ ձևով մոր կարծես կընդունեք տիկնոջ հրավերը։


Հակոբոս աղան ոտք ելավ և հրամցուց էֆենտիին։


— Ձէ՛, շէ՛... սա նասըրս քիչ մը ցավեցավ, անոր համար ոտքս սանկ դրի, որ հանգիստ ընեմ։


Հակոբոս աղան դարձյալ նստեցավ այս անգամ ալ էֆենտիին ոտքին զոհվելով։


— Ամենուն քովը հազ մը կա, մարդ չկա, որ չհաղա, հարեց տան տիկինը, կուրծքի ցավ ալ կա... կիմանամ, որ ուրիշ հիվանդություններ ալ կան եղեր, էֆենտի՛, պատշգամը անցի՛ր ու ոտքդ երկնցուր քիչ մը։


Հակոբոս աղան երթալու համար ոտք ելավ և գլուխը ծռելով՝ «Ձեր հրամանավն երթանք, տիկի՛ն», ըսավ։


— Նստեցեք քիչ մը, Հակոբոս աղա, ի՞նչու կաճապարեք... գործ ունիք նե, զոր չեմ ըներ։


— Այո, գործ ալ ունիմ։


— Քի՝չ մալ նստեցե՛ք։


— Քիչ մալ նստիմ, որ քիչ մալ նախատվիմ, ըսավ ինքնիրեն Հակոբոս աղան և նստեցավ։


— Հակոբոս աղա, ի՞նչպես է մեր պատշգամը։


— Շատ աղեկ է:


— Ես շատ անգամ հոս կը նստիմ և չեմ նեղանար... էֆենտին չախորժիր կոր։


էֆենտին կզգա, թե թախանձանաց վերջերն է, որովհետև Հակոբոս աղան երթալ կուզե, ուստի որպես թե տան տիկնու խոսքը չկոտրելու համար՝


— Քիչ մը նստիմ սա պատշգամը, որ խոսքը գոցվի, կըսե և կերթա նստելու պատշգամն, զոր թողած էր արդեն Հակոբոս աղան։


— Ինչո՞ւ կերթաք, Հակոբոս աղա, քիչ մալ նստեցե՛ք. կըսե տան տիկինը։


— Ոչ, երթամ պիտի։


— Կաղաչեմ, քի՛չ մալ։


— Ձեր հրամանովն երթանք, տիկի՛ն։