— Ինտո՞ր եք, օրիորդ Լուսիկ:
— Աղեկ եմ։
— Ատ խոսքը մի՛ ըներ, իրիկվան դառնալու ենք։
— Չեմ թող տար։
— Չըլլար... Մկրտիչ աղան ի՞նչպես է։
— Աղեկ է... անդիի սենյակն է, կը քնանա կոր, երթամ
արթնցնեմ։
— Չուզեր, մի՛ արթնցներ։
— Չորս ժամե իվեր կը քնանա կոր արդեն։
Տիկին Քաթոիկ կերթա ամուսինն արթնցնելու։
— Մկրտիչ աղա, Մկրտիչ աղա...
— Ի՞նչ կա։
— Արթնցի՛ր:
— Թող չես տար, որ քնանամ քիչ մը... գիշերն ալ թող
չտվիր, մլուկ ժողվել տվիր ինձի... հիմա ի՞նչ կա։
— Տիկին Թագուկ երկու աղջիկներն առեր եկեր է։
— Իրա՞վ կըսես։
— Հապա...
— Կերթան անոնք, կերթան, մի՛ ստիպեր, որ մնան։
— Այսօր եկան, այսօր կերթա՞ն... այս գիշերն անցունենք,
վաղը կը մտմտանք. ելի՛ր, միս ա՛ռ, քիչ մը եղ առ, բանջա-
րեղեն ղրկե, պզտիկ շիշ մը օղի, գինին ալ չմոռնաս. քանի
մը օխա խաղող, կտոր մը ձուկ... շուտ ըրե՛, բան չունինք
իրիկվան ուտելու։
— Ո՞ւր պիտի պառկին անոնք, տեղ չունինք... չունինք.
վերմակ չունինք։
— Տան տիրոջմեն կուզենք, բան մը կընենք։
— Աս ալ բնավ մտքես չէր անցներ... ինչ անհոգ կնիկ
է եղեր։
— Բան մ՝է եղավ, ի՞նչ ընենք։ Եկուր անգամ մը տեսնվե՝
և վերջը գնա՛։
Տիկինը կը դառնա հյուրերուն քով։
— Մեզի համար անհանգիստ չընեիր Մկրտիչ աղան։
— Չէ, արդեն արթնցեր է, կուգա կոր... հիմա կուգա։