— Ինչո՜ւ պիտի խպնիմ, պատասխաներ Աբիսողոմ աղան չվարելով։
— Ինչո՜ւ խեղճ տղան երկու ժամե ի վեր հոս կսպասցունես։
— Ո՜վ կսպասցունե, ո՞վ կուզե, որ սպասե, կը վռնտեմ,
չերթար։
— Կը վռնտես, բայց առանց մի ոսկի պարտքդ տալու:
— Ո՞վ պարտք ունի անոր։
— Դուն ունիս. և եթե ան չըսեր ինձի, թե քեզմե առնելիքն
այս իրիկուն պիտի առներ և ինձի պիտի տար, ես չէի
տպեր այդ տոմսակներն և ներկայացման աղգերը։ Երկու ժամ
է, որ դռան առջև կսպասեմ, որ իջնա և պարտքը տա.
և դուն հոս կը խաղցունես խեղճը։
— Աս ի՞նչ Է, ես անոր պարտք ունենա՜մ... ամենևին...
— Ամենևին, ըսավ Մանուկ աղան:
— Ես անպատճառ առնելիք ունիմ չըսի քեզի, պարոն
տպարանապետ, ըսավ դերասանը, այլ ըսի, թե օթյակի տոմսակ
մը պիտի տամ, ոսկի մը պիտի առնեմ։
— Ինչո՜ւ ուրեմն խաբեցիր զիս, ստախո՛ս:
— Որպեսզի ծանուցումները ետ չմնան:
— Ես քու խաղալի՜կդ եմ։
— Ան քու խաղալի՜կդ է, ըսավ Մանուկ աղան՝.
— Ինչո՜ւ խաղալիկս ըլլաս:
— Թշվառական, խայտառակ, անամոթ, աներե՛ս...
— Ատոնց ամենն ալ դու ես։
— Դո՛ւ ես։
— Ես չեմ, դու ես։
Ես չեմ, դու ես-ի վրա ծեծկվուք մը կը ծագի դերասանին
և տպարանապետին մեջտեղ, Աբիսողոմ ու Մանուկ
աղաները մեծ դժվարությամբ կը հաջողին զանոնք իրարմե
բաժնել։
— Վա՛ր իջե՛ք, պոռաց Աբիսողոմ աղան զանոնք զատեկեն
ետքը, վար իջե՛ք և հոն կռվեցե՛ք։
— Դուն մեր կռվույն խառնվելու ի՞նչ իրավունք ունիս.