— Մի՛ պոռար, պիտի թողում, որ կողոպտեր այս ազնիվ մարդն, այնպես չէ՞։
— Ինչո՞ւ կռիվ կընեք, ամոթ չէ՞... ես չեմ ուզեր աղջիկ
— Չըլլար, կը պատասխանե տիկին Շուշան, մենք քեզի
աղջիկ պիտի գտնենք, բայց թե որ տեր պապային ձեռքով
աղջիկ փնտրես, գիտցած եղիր, որ պատիվդ մեկ ստրկի
կ՝ըլլա:
— Ընդհակառակն, քահանայի ձեռամբ աղջիկ փնտրողն
է պատվավորը։ Երթանք, Աբիսողոմ աղա:
— Թող չեմ տար։
— Երթանք, Աբիսողոմ աղա:
— Թող չեմ տար, որ երթա, ես անոր աղջիկներ պատրաստած
եմ, աղջիկտեսի պիտի երթանք։
Այս տեսարանը տեղի կունենար պարոն դերենիկի գործատան
առջև, և անցնողներեն պզտիկ խումբ մը հանդիսականի
պաշտոն կը վարեր անդ, երբ Մանուկ աղան ստիպված
Աբիսողոմ աղան անպատճառ գտնելու եկավ հոն, տեսավ
Աբիսողոմ աղան, արուն մեկ թևեն քահանան և մյուս թևեն
տիկին Շուշան կը քաշեր, և մեկդի քաշելով զայն՝ քանի մը
ծանր խոսքեր ուղղեց քահանային և տիկին Շուշանին և հեռացուր զանոնք։
— Ա՜հ, ըսավ Մանուկ աղան Աբիսողոմ աղային դառնալով,
հանցանքը ձերն է, ամենուն երես կուտաք. ասոնք միմիայն
քեզմե օգտվելու համար կը մոտենան քովդ։
— Իրա՞վ կըսեք։
— Ինչո՞ւ սուտ պիտի զրուցեմ։ Կարգվիլ կ՝ուզես, լավ. ես
գտնեմ քեզի աղջիկներ, ընտրե՛ և ուզածդ առ։
— Աղեկ ըսիր։
— Պատվավոր ընտանիքե աղջիկներ ցուցնել տամ քեզի:
— Ցուցուր։
— Միջնորդով աղջիկ փնտրելու ժամանակը անցած է
հիմա։
— Այդպե՞ս է։
— Մինչև անգամ ամոթ է։