ՆԱՄԱԿԱՆԻ
Օրիո՛րդ
Երեկ առտու գրասենյակս բացած չբացած՝ տեղական թղթաբերով նամակ մը առի ձեր կողմեն:
Նամակնիդ կարդացի։ Վիճակնիդ ցավալի է։
Կը հայտնեք, թե հայերեն, ֆրանսերեն և անգղիերեն լեզվաց հմուտ եք, թե պարկեշտ և աշխատասեր եք, թե աղվոր եք և թե դեմքի, մաքի և սրտի այսչափ գեղեցկություններով հանդերձ տունը մնացեր եք աղքատության պատճառավ: Ասոնք հայտնելեն ետքը ինձմե խորհուրդ կը հարցներ մտերմաբար, աղաչելով միանգամայն, որ այս գաղտնիքդ ուրիշի մը չըսեմ։
Գաղտնիք մը ուրիշի մը կըսվի՞, որ ինձի աղաչելու ելեր եք: Ասկից զատ իմ գաղտնապահությունս գրեթե առած դարձեր է. ինձի հաղորդված գաղտնիքը ոչ ոք գիտե. ես անգամ չեմ դիտեր, որովհետև կը մոռնամ: Եթե երբեմն երբեմն գաղտնիքս գրիչիս կը հաղորդեմ, ան ալ միմիայն հիշողությունս սրելու համար է։
Սրտերնիդ հանգիստ բռնեցեք, հայերեն, ֆրանսերեն և անգլիերեն գիտնալնիդ, պարկեշտ, աշխատասեր և աղվոր ըլլանիդ մեկու մը չեմ ըսեր։
Բայց, օրիո՛րդ, դուք ինձի գաղտնիք մը հաղորդած չեք արդեն. դուք այդ նամակովնիդ նախ լեզվագիտություննիդ և բարի հատկություններնիդ հայտներ եք։ Եթե ասոնց համար խորհուրդ կը հարցնեք՝ կը հայտնեմ ձեզի, որ այդ լեզուները սորվելնուդ շատ աղեկ եք ըրեր։ Երկրորդ՝ պարկեշտ և աշխատասեր ըլլանիդ հայտներ եք: Եթե ասոր համար խորհուրդ կը հարցներ՝ կը հայտնեմ, որ այդ ընթացքնիդ չփոխեր: Երրորդ՝ աղվոր ըլլանիդ հայտներ եք և աս ալ գաղտնիք մը չէ, որովհետև աղվորություննիդ ամեն մարդ կը տեսնե: Չորրորդ՝ տունը մնալնիդ կը հայտնեք: Եթե ասոր համար խորհուրդ կը հարցներ՝ խորհուրդ կուտամ ձեզի, որ երբեմն երբեմն