Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/207

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՕՐԻՈՐԴ ՏՅՈԻՐՅՈԻԿԻՆ ՆԱՄԱԿԸ

Պարոն Թատրոն.

Ես քուկին ինչ անքաղաքավար ըլլալդ շատոնց գիտեի, և աս Էր պատճառը, որ քեզի հոդված ղրկել չէի ուզեր։ Անցյալ շաբթու քեզի նամակ ղրկելուս վրա հազար անգամ զղջացի։

Ես քաղաքավարությամբ ըսեր էի քեզ, թե զձեզ ճանչնալու պատիվը չունիմ. դուք ասոր փոխարեն ինձ կըսեք թե՝ զձեզ չճանչնալու պատիվն ունիմ։

Ունեցիր այդ պատիվը պարոն. այդ պատվով միայն կրնաս զիս պատվել. որովհետև, Օրագրին խոսքին նայելով, խմբագրաց ամենն ալ ցած են եղեր[1], և արդեն ցած մարդու մը հետ խոսիլը անհնար է ինձ համար[2]:

Ի՞նչ գիտցար պարոն, կարծեցիր թե քեզի հետ ծանոթություն ունենալո՞ւ համար գրեցի այդ նամակը «Ես կուզեի գեղեցիկ սեռը տգեղ սեռին դեմ պաշտպանել, բայց դուն դեմքդ զվարճախոսուհի մը[3] տեսնելը քեզի պզտիկություն սեպելով անդուռն բերանով կանանց խըչլըխին վրա հարձակեցար։ Իբր թե գեղեցիկ սեռին բոլոր դաստիարակությունը անոր խըշլըխին վրա կայացած ըլլար, իբր թե խըչլրխը վերնալուն պես գեղեցիկ սեռը դաստիարակված պիտի ըլլար, իբր թե էրիկ մարդիկ խըչլըխ չունին տե անոր համար դաստիարակված են[4]...:

  1. Գետնին տակը անցնի այն Օրագիրը. որ աղջիկներուն բերանը բանալ տվավ։ Ծ. Խ.
  2. Հիմակվան պոթիններով։ Ծ. Խ.
  3. Շատախոսություն պետք չէ օրիորդ, բառերդ քիչ մը համառոտ անցիր։ Ծ. Խ.
  4. Ոճերուդ ուշադրություն ըրե՛ օրիորդիկս, անդուռն բերանը կարծեմ հոս աղեկ չգար։ Ծ. Խ.