— Աղեկ գաղափար, բայց աղջկան ի՞նչպես հասկցնելու է աս։
— Սպասուհվույն միջոցավ։
— Այո՛։ Արդեն սպասուհին ալ այս ճանբան ցույց պիտի տա, եթե համոզվի, թե մենք հավանություն չենք տար այդ գործին։
— Շատ աղեկ, այս աղեկ է։
Շաբաթ մետքը, երկուշաբթի օր մը լրագրաց մեջ կը կարդացվի․
... Երիտասարդն այս ինչ սկզբնատառերով աղջիկ մառեր փախեր և հետը պսակվեր է։
Եվ հետևյալ օրն ի՞նչ կը խոսվի հրապարակի վրա։
— Երիտասարդին ըրածը չվայլեր։
— Մեղք աղջկան։
— Շատ պարկեշտ էր։
— Աղջիկը գլխե հանեց խաբեբան։
— Ո՞վ գիտե, որքան տխուր է արդյոք աղջկան հայրը։
— Մազերը փեթտե նե իրավունք ունի։
— Ծերության մեջ այս հարվածը շատ ծանր պիտի գա իրեն։
— Այս հարվածին վրա չապրիք։
— Մեծցուր, մեծցուր, ու խաբեբա մը գա գիշերը տունեն առնե տանի։
— Մեղք եղավ մարդուն։
— Կըսեն, թե աղջկան մայրն ալ մեծ կսկիծ զգացեր է այս դեպքին վրա։
— Չզգար մի յա..․ ասանկ ազնվական ընտանիք...
— Մինչև հիմա պատվով ժամանակ անցուցած մարդ մը․․․
— Ամենեն հարգանք․․․
— Ուզածին չափ հարստություն․․․
— Ոսկիներու մեջ լողալ․․․
— Ճոխությանց մեջ շնչել․․․
— Ազնվական․․․
— Պատվավոր․․․
— Բերնեն գեշ խոսք մը հանած չունի։
— Մրջյունին վրա կոխելու կը վախնա։
— Դուն եկուր տե, անպիտա՛ն, ասանկ մարդու մը աղջիկը փախցուր։
— Հնտանյաց հոր մը համար շատ ծանր է այս հարվածը:
— Խաբեբա։
— Լիրբ։