Վրայեն բավական ատեն կանցնի, օր մը սրճարանի մը մեջ նստեր ես, ահա դիմացդ գանձանակ մալ։
— Որո՞ւ համար Է։
— Աղքատի մը համար, ատամ։
— Բաց ըսե վնաս չունի։
— Պե ճանըմ, գործը ազգային Է, մի վախնար, ինձի պես մարդ մը սուտ պիտի չըսե յա, ասկե տարի մը առաջ աղքատ մը կարգվեցավ.
— Է՜յ։
— Անցյալ շաբթու տղա մը ունեցավ, խեղճը ինչ ընելիքը չիյտեր, տղան պիտի մկրտվի ստակ չկա։
Քառսուն փարա կուտաս կ’երթաս։
Վրայեն ամիս մը կանցնի, գինետուն մը նստեր ես. գանձանակ մը կուգա առջիդ.
— Ո՞ր եկեղեցիին համար։
— Եկեղեցիի համար չէ ամա, աս ալ ազգային է։
— Ի՞նչ է։
— Պե ճանըմ ինչպես ըսեմ. սա անցածները կարգված աղքատ մը կար, խեղճը տղա մը ունեցավ. երեկ գիշեր չմեռնի՞ մի։
— է՜յ:
— Իշտե անոր համար է։
Քառսուն փարա կուտաս կերթաս։
Վրայեն ամիս մը կանցնի, փողոցե մը անցած ժամանակդ գանձանակի մը կը հանդիպիս։
— Ո՞ր դպրոցին համար է։
— Դպրոցի համար չէ, պե ճանըմ խեղճություն խեղճության վրա պիտի ըլլա յա։
— Խայըր օլա, ինչ կա։
— Մեր թաղը աղքատ մը կա, անցածները կարգվեցավ, տղա մը ունեցավ, անցյալ ամսուն տղան մեռավ։ Աս առաու ալ կինը մեռնի՞ մի խեղճ մարդուն. հիմա թաղելու համար ստակ չկա։
Քառասուն փարա կուտաս և զարմանալով կանցնիս կերթաս։
Շաբաթ մը կանցնի չանցնիք, առ գանձանակ մալ։
— Աղքատներո՞ւ համար է։
— Չէ... ինչպես հասկցնեմ հիմա հրամանոցդ, աղքատ մարդ մը կա։
— Է՜յ:
— Խեղճը պիտի կարգվի, սանքի աս ալ ազգային բան մէ։