Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/39

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՍԿՅՈԻՏԱՐԻ ՀԱՍԱՐԱԿԱՑ ՊԱՐՏԵԶԻՆ ՇՈԻՐՋԸ

ՊՏՈԻՅՏ ՄԸ

— Ոտքո՞վ թե ձիով։

— Ոտքով, ձիու հետ ի՞նչ գործ ունիմ։

— Անասուններո՞ւ ճամբեն թե մարդոց։

— Աս աղեկ... մարդ ըլլալովս անասուններու ճամբեն ինչո՞ւ երթամ պիտի։

— Սակայն ես շատ մը ձիեր և էջեր տեսա որ մարդոց սահմանված ճամբեն կը քալեին։

— Ձիերը և էջերը կուզեն երբեմն մարդոց աստիճանն բարձրանալ, բայց մարդս կուզե անասնոց հավասարիլ։

— Թևիդ տակը բան մը ունեի՞ր։

— Պտըտելու ելնողը թևին տակը բան մը ունենալու է անպատճառ։

— Օրիորդ մը կամ տիկին մալ չունեի՛ր հետդ։

— Քովես շատ մը օրիորդներ և տիկիններ կանցնեին, ես անոնց հետը կերթայի, անոնք ինձի հետ չէին երթար։

— Բարտըսյո՞ւ հագած էիր թե բալթո։

— Ատի միտքս չէ. բայց բազմությունը ուշի ուշով քննելով և դանդաղաքայլ պարտեզին շուրջը կը պտըտեի։

Ահա օրիորդ մը, որուն դեմքին վրա ժպիտն անպակաս է, այս օրիորդը ավելի գրավիչ ըլլալո՞ւ համար կը ժպտեր միշտ, թե յուր մարդարտաշար ակռաները ցույց տալու համար, ոմանք կըսեն թե ավելի գրավիչ ըլլալու համար, ոմանք ալ ակռաները ցույց տալու համար է կըսեն. ես ալ կըսեմ, որ թե գրավիչ ըլլալու և թե ակռաները ցույց տալու համար է. ինչու ըսես նե՝ անոր համար որ միանգամայն թե գրավիչ ըլլալը կըզգայի, և թե ակռաները կը տեսնեի։ Անցնինք։ Օրիորդով մը իրիկուն չընենք։