Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/396

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Երկու օր լռեցինք, բան մը չըսինք․․․ ամեն օր ալ անոթի մնալ չըլլար ա՛։

— Քառասուն որ կրնայիր անոթի մնալ, եթե անկեղծ սիրով, սուրբ սիրով սիրած ըլլայիր զիս։ Ուրախ եմ, որ զոհ կերթամ մարդկության, մարդկության զոհ ըլլալ․․․ ի՜նչ մարտիրոսություն... ի՜նչ նահատակություն... կը գրեմ թուղթի վրա, թե ինչու թունավորեցի ինքզինքս և հետո կերթամ կտոր մը թույն խմել և մեռնիլ..․

— Խե՞նդ ես, ի՞նչ ես։

— Խե՜նդ... չես կարող հասնիլ հոգվույս բարձրության... խե՞նդ են անոնք, որ կը թունավորեն իրենք զիրենք։ Գնա՛, հեռացի՛ր, չեմ ուզեր այլևս քովս տեսնել զքեզ։

Կինը կը հեռանա, մորը տունը կերթա և երկու ամիս է, որ բաժնված է ամուսնեն։

Ամուսինն ալ ինքզինքը գինովության կուտա, ամեն իրիկուն գինետուններու մեջ կը պառկի և այս կյանքը շատ հաճելի կը թվի իրեն։

Սույն եղելությունն իմանալես օր մը ետքը գինետան մեջ գտա զինքն ու հարցուցի իրեն․

— Ի՞նչ վիճակ է այս։

— Ի՞նչ ունի վիճակս․․․ ես վիճակես գոհ եմ․․․ մենք բանաստեղծքս միշտ այսպես կ՛ապրինք․․․ բոլոր բանաստեղծներն ասանկ ապրած են․․․ բանաստեղծներուն վիճակն է այս, պետք է որ զոհվինք մենք, որպեսզի մարդկությունը մարդ ըլլա։

— Թշվառությո՞ւնն է ձեր վիճակը։

— Հնարն այն ատեն անուշ է, երբ կողբա, բանաստեղծն այն ատեն զվարթ է, երբ կուլա։ Թշվառության մեջ է մեր երջանկությունն և փառքն։ Պետք է որ սիրտերն ազնվանան, հոգիները վեհանան։

— Չեմ հասկնար։

— Բանաստեղծները կը հասկնան, բանաստեղծները։

Եվ քանի մը վայրկյան հետո ծռելով՝ ականջս ի վար դյուցազնական շեշտով մը․

— Կինս խաբեց զիս, ըսավ, և գավաթ մօղի պարպեց բերանը։

— Խաբե՜ց։