Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/84

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԵՐԵՔ ՕՐ, ԵՐԵՔ ԳԻՇԵՐ ՍԱՐՆԻՃԻ ՄԵՋ

Ստակով հզոր, խելքով անզոր երկու եղբարք, մին վաթսուն և մյուսը վաթսուն և հինգ տարեկան, տան մը մեջ առանձնացած հանգիստ ու երջանիկ կյանք կը վարեին։

Ուշադրությամբ կարդա ընթերցող, պատմածս վեպ չէ, դեպք է։

Ասոնց պզտիկը անցյալները կը փափագի աշխարհ մտնել, ուստի աղքատ և կար կարող աղջկան մը հետ կը կարգվի։

Մեծը չուզեր կարգվիլ։ — Ինչո՞ւ: — Որովհետև վաթսուն և հինգ տարեկան մեկը ավելի գերեզման, քան թե աշխարհ մտնելու պատրաստվելու է. ուստի, լուր տարիքին հրամանացը հնազանդելով՝ պատրաստվեցավ գերեզման մտնելու և անկողին մտավ։ Անկողինը՝ գերեզման տանող արահետին կայարանն է, ուր մարդիկ իրենց տոմսակն ու անցագիրը կ՚առնեն ու կը մեկնին։

Մարդը շատ չկեցավ այս կայարանին մեջ շնորհիվ իր հարսին, որ անգութ և անխիղճ մեկն փութացուց հիվանդին ճամբորդությունը։

Մարդը մեռնելուն պես՝ հարսը իր էրկանը դառնալով ըսավ։

— Սիրելի էրիկս, եղբորդ հիվանդությունը կը պահանջե, որ զինք իրեք օր պահենք և վերջը թաղենք։

— Մեռած է, կենդանանալու հույս չկա վրան. չնայի՞ս, մարմինը սառի պես պաղ է։

— Չկենդանանա նե՝ կրնա ըլլալ, որ մարդը բոլոր իր հարստությունը մեր վրա դարձունե, խեղճը կենդանության ատենը չկրցավ կտակ ընել, պելքի մեռնելեն վերջը կընե։

— Ասանկ բան մը չեմ կրնար ընել ես, Աստված չընե։

— Ատամ, դուն ալ մա՞րդ ես մի աշխարհիս վրա. արժան ֆե թու ըսեր է կըսեն Նաբոլեոնը, եկու սըվոր չէ մրսեր։