Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/120

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թյան վրա խոսելեն ետքը ըսավ, թե երկու եկեղեցիք սիրով երթալու են իրարու հետ, որովհետև եղբայր են։

Ես ալ կընդունիմ, որ եղբայր են և երկուքն ալ Ադամա առաջինեկ զավակներն են։

Թող ընթերցողք դեպքերեն ճանչնան Կայենն ու Աբելը այս երկու եղբարց մեջ.․.


Արևելյան թատրոնին վարչությունը օրըստօրե հառաջ երթալու վրա է։ Վարդովյանի վարչություն տապալելու աշխատած ատեն մյուս կողմեն ալ գաղղիացոց թատրոնին վրա աչք կը տնկե և կուզե գաղղիացի դերասաններուն ու դերասանուհիներուն հացն հափշտակել։

Ադամյանը գաղղիերեն լեզվով ոտանավոր մը կամ արձակ մը արտասաներ է կըսեն։

Մեզ կը հարցվի, թե ինչո՞ւ համար հայերեն լեզվով չէ արտասաներ և գաղղիերեն արտասաներ է։

Ո՞վ գիտե, թերևս հանդիսականներեն գաղտնի պահել ուզած ըլլա, թերևս չէր ուզեր, որ իր արտասանելիքը հանդիսականք հասկնան։


Գերապատիվ Խորեն եպիսկոպոսին Բեթղեհեմի կռվույն մասին շաբաթ մը առաջ Լա Թյուրքիի մեջ հրատարակված հոդվածին ի պատասխան գրություն մը երևցավ նույն թերթին հինգշաբթի ավուր թվույն մեջ։

Հոդվածագիրը քանի մը տեղ Տրդատ թագավորին անունը տված ատեն անոր քովը զարմացական նշան դրած է։

Տրդատ թագավորը զարմացական նշան չուներ։ Արգո հոդվա՛ծագիր այդ նշանը Տրդատ թագավորին վրայեն վերցունելով՝ իր գլուխը դնե նե՝ ավելի աղեկ կընե։


Դիտակա մեջ կը կարդանք, որ Կարինի մեջ այս օրերս երկիրս կայներ ու արեգակը կը դառնա եղեր։