Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/128

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ո՞վ դնել կուտա կոր։

— Ոչ ոք, ես անձամբ կերթամ կոր։

— Պա՞րտք ունիս։

— Այո՛, մարդուն մեկուն հարյուր հիսուն ղուրուշ պարտք ունիմ։ Անցյալ շաբթու բանտ դնել տվավ զիս և նայեցավ՝ որ չպիտի կրնա առնել նե՝ հանել տվավ։

— Աղեկ ա՛, հիմա ինչո՞ւ կ՝երթաս կոր ինքնիրմեդ։

— Լսեցի, որ ի նպաստ բանտարկելոց պարահանդես մը պիտի տրվի, գոնե սա միջոցին մենք ալ սա պարտքեն ազատինք ըսելով՝ որոշեցի բանտ երթալ։

— Աղեկ ստուգեցի՞ր պարահանդես արվելիքը, չըլլա՞ որ սխալ բան մ՝ըլլա։

— Աղեկ ստուգեցի։

— Ուր էր թե ես ալ մեկու մը պարտք ունենայի, կամ սա միջոցիս բանտ գտնվեի։

Այս խոսակցությունը դնելնես ետքը պարտք կը համարինք ըսել, թե չկա մարդ մը, որ պարտք ունենա և փողոցե մը հանգիստ սրտով անցնի, ամեն քայլափոխին կը կարծե, թե պարտատերը դեմը պիտի ելլե։ Ասոր առաջքն առնելու համար, պետք է որ քիչ մ՝ալ առնելիքի տերերը բանտարկվին՝ որպեսզի պարտք ունեցողները ազատ խղճիվ կարենան քալել․․․

Պարտք ունեցողնե՞րը պիտի բանտարկվին միշտ։ Կառավարության այդ ընդարձակ բանտերը մի միայն աղքատներո՞ւ համար շինված են.․․

Ասկից ետքը պարապ տեղը «Հավասարություն, հավասարություն» չպոռանք անանկ է նե.․․


— Ի՞նչ կը կարդաք կոր, բարեկամ։

— Ծանուցում մ՝է։

— Ի՞նչ բանի ծանուցում։

— Դեղագործ մը յուր դեղարանը ուրիշ տեղ մը փոխադրած ըլլալը ծանուցանելով կը խնդրե արգո հասարակութենեն. որ յուր ներկայությամբ անոր դեղարանը պատվե։