— Կը ծեծե՞ն կոր եղեր։
— Ծեծելն ալ խոսք է՞, Մանզումե չկարդացի՞ր, աղվորիկ մը ափեր են։
— Անկից է, որ քայսերցիներուն մեջ սիկառա խմողը քիչ է։
— Ասանկ երթա նե՝ կարծեմ սիկառա խմող հատ մալ չպիտի մնա։
— Սա սովորությունը հոս ալ ընդհանուր ըլլար նե՝ ի՛նչ աղեկ կըլլար։ Հիմա մինչև Քայսերի ո՞վ պիտի երթա, աղբար։
— Չես կրնար երթալ նե՝ սիկառայեն վաղ չես կրնար գալ։
⁂
— Թորոս աղա, հագուստներդ տակավին չես փոխած։
— Չէ՛, փոխելու միտք ալ չունիմ։
— Բայց շատ հինցած են։
— Վնաս չունի։
— Կը տեսնեմ, որ հագուստներուդ հետ այնպես կը վարվիս, ինչպես Տերոյենց պատվելի յուր սկզբունքներուն հետ։
— Այո՛ ես ալ սկզբունքի տեր եմ, բայց հագուստներու մասին:
⁂
— Թատրո՛ն, ինչո՞ւ համար երբեմն մեկ խոսքը կը կրկնես՜ օրինակի համար, անցյալ թերթիդ մեջ տեսնելով որ... տեսնելով որ ըսած էիր, մեկ խոսքը երկու անգամ ըսելեն ի՞նչ կելլա։
— Խոսք չհասկցողներուն համար է, որ երբեմն կստիպվիմ մեկ խոսքը երկու անգամ ընելու։
⁂
— Իկնաթիեֆը եկավ, ի՞նչ եղավ։
— Դեռ ի՞նչ կյուղես որ ըլլա, Իկնաթիեֆը եկավ, Ալեքսինաձն ու Տելիկրատը գնաց։ Ո՞ւր էր թե քիչ մը ավելի շուտ գար։
— Ինչո՞ւ։
— Հարցնելն ավելորդ է, ան չի գար նե Ալեքսինաձն ու Տելիկրատը չէր առնվեր։
— Իրավ կորսես, շատ վարպետ ժեներալ է եղեր մարդը: