Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/217

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Բայց աղեկ գիտե՞ք։

— Այո՛, բայց ինչո՞ւ ասանկ կրկնելով կը հարցունես։

— Որովհետև, տեր, Ռ... է... ամեն օր կարծիք կը փոխե.


— Բարեկա՛մ, սիրուհիդ ձգե՞ր ես, ի՞նչ ես ըրեր։

— Այո՛։

— Պատճա՞ռը:

— Առջի օր զինքը տեսնելու գացեր էի. տեսա որ Միհրանիկին հետ գլուխ գլխի տված կը խոսի կոր, ասոր վրա բարկացա, ան ալ զիս պարզապես վռնտեց։ Դուն իմ տեղս եղիր ու...

— Բայց քանի որ Միհրանիկը եղեր է արդեն...


— Սիրելի ամուսինս, գիտես, դու այնչափ ծանր հիվանդ էիր, որ սուգի համար հագուստ ապսպրեցի։

— Իրա՞վ կ՛ըսես, սիրելի կինս, հիմա ետ տվի՞ր այդ հագուստները։

— Չէ՛, չէ՛, ի՞նչ գիտես, թերևս հիվանդությունդ կերկրորդե։


Ամեն մարդ կարդաց լրագրաց մեջ, որ վերջերս նոր թնդանոթ մ՛ալ հնարվեցավ, որ Քրյուբի շինած թնդանոթը գերազանցեց։

Քրյուբն այս թնդանոթը հնտրողին դեմ բողոք բարձեր է առարկելով, թե այս նորահնար թնդանոթը իրենին կեղծն է, մինչդեռ ոչ թե կեղծն է, այլ բոլորովին նոր եղանակով շինված է։

Վիեննայի երգիծական լրագիրն Քրյուբի այս ընթացքը կը ծաղրե ծաղրանկարով մը։

Ծաղրանկարն կը ներկայացնե ծեր կնիկ մը, որ ձեռքը ահագին գրեխ մը բռնած հիվանդանոցե մը դուրս կելնե։

Ծաղրանկարին տակը դրված է։

Տիկին, ձեռքինդ պահե՛, ինչու որ պարոն Քրյուբ տեսնե նե բողոք կը բառնա իր սիսթեմը գողցած ըլլալուդ համար։


Սրճարանի մը մեջ երկու երեք հոգի թուղթ խաղացած միջոցնին, կարճատես և մեծաքիթ մեկն այնչափ մոտեն կը նայի խաղա-