Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/219

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Լրագիրներեն ոմանք ծանուցին, թե Պատրիարքական գերապատիվ փոխանորդ հայրն ալ հրաժարական տվեր է։

Պտըտած զրույցներուն նայելով Պատրիարքարանի գրագիրներն ալ կը պատրաստվին եղեր հրաժարելու։

Յասախճիներու համար թեև տակավին լուր մը չիկա, սակայն խիստ հավանական է, որ անոնք ալ հրաժարին և Պատրիարքարանի դռները գոցելով բանալիներն դարբիններու տանին հանձեն ի հաշիվ իրենց ամսականներուն։

Կեցցե՜ ԿՈՒԶԵՆԱ։


— Պատվելի, դուն բնագիտության դասատու ես, որչափ ըլլա նե՝ քու խելքդ մեր խելքեն վեր է, կրնա՞ս ինձի զրուցել, թե սա քոնսոլիտն ինչու համար կ՛իյնա կոր։

— Պատճառն շատ հայտնի է։

— Ի՞նչ է։

— Այն, որ օդեն ծանր է կ՛իյնա և այն, որ օդեն թեթև է կը բարձրանա, ուստի, քոնսոլիտը բարձրացնելու համար կամ օդը ավելի ծանրացնելու է և կամ քոնսոլիտն ավելի թեթևցնելու է։

— Քոնսոլիտն ի՞նչպես կը թեթևնա։

— Սիկարի թուղթ են շինվի նե՝ կը թեթևնա։

— Ատ ըլլալու բան չէ, օդը ծանրացնելու ճամբա մի չիկա՞։

— Եթե ըլլար հարկավ հարուստ սեղանավորներն կը մտածեին ատոր վրա։

— Ըսել է թե այս հաշվով քոնսոլիտն միշտ պիտի իյնա։

— Քոնսոլիտը բարձրացնելու համար ուրիշ միջոց մ՛ալ կա։

— Ո՞րն է։

— Պորսան ծովու վրա տանիլ. վասնզի ջուրն օդեն ծանր ըլլալով միշտ վեր կը տանի քոնսոլիտն։ Միայն թե պորսան ապահով տեղ մը դնելու է, որ չըլլա թե ռուս շոգենավե մը զարնվի ծակվի և ծովուն տակը թաղվի։

— Ատոնք ըլլալու բաներ չեն։

— Անանկ է նե քոնսոլիտին բարձրանալն ալ ըլլալու բան չէ․․․ բնագիտական տեսակետով։


— Արշա՛կ, վարժապետդ այս տարի կաղանդչեք ի՞նչ տվավ քեզի նայիմ։