Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/247

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ո՞վ է մեղավորը։

— Խաչատուր սրբազանը։

— Չէ՛, Խիկար, այս անունով տետրակ մը ելած է, չկարդացի՞ր։

— Չկարդացի, մեղավորնե՞րը գրած է մեջը։

— Այո՛։

— Անանկ է նե Պողոս վարդապետն ալ հոն ըլլալու է։

— Մեղավոր կանանց վրա գրված է, անոնց պճնասիրության և անպարկեշտության վրա գրված աղվոր տետրակ մ՝է, բայց եկու տես, որ Պոլսո կնիկներն հարվածելու տեղ Բարիզի կնիկներն հարվածեր է։

— Թերևս Պոլսո մեղավոր կնիկներեն վախցեր է, կամ թերևս Պոլսո մեջ մեղավոր կնիկ չկա։ Ի՞նչ գիտես, գրողին հարցուցի՞ր։

— Ո՛չ։

— Հարցո՛ւր, անանկ է նե։

— Շատ աղեկ, ո՛վ պարոն Հ․ Ա․ ինչո՞ւ համար մեր ազգին անանց պճնասիրության վրայոք չես խոսիր ու Բարիզի կա վրա կը խոսիս։


— Կիրակոս աղա՛, որսի կերթա՞ս կոր։

— Հրամմեր եք, Մերկեր աղա, անցյալ շաբթու գացի։

— Ի՞նչ զարկիր նայինք։

— Որսի շունս։


— Կարապետ աղա, սա մեր տղան քովդ առնեիր ու ժամագործություն սորվեցունեիր։

— Դպրոց գացա՞ծ է։

— Այո՛։

— Ի՞նչ սորված է։

— Ֆրանսերենն տաճկերենի, տաճկերենն ալ ֆրանսերենի թարգմանություն կընե։

— Արվեստ սորվելու փափա՞գ ունի։

— Չէ՛, թարգմանություն ընեմ, կըսև կ՝երթա։

— Ես աս տեղս ի՛նչ թարգմանել տամ։

— Ժամերը ալաֆրանկայեն ալաթուրքային, ալաթուրքայեն ալ ալաֆրանկային թարգմանե։