— Աման, տունիս խաղաղությունը կավրես։
— Ինչո՞ւ։
— Դուն օտարական չես, քեզի կրնամ սիրտս բանալ։ Պռոշ մը խոստացա կնոջս տարեգլխուն տալու համար, թե որ չտամ կռիվ պիտի ելլա։
— Չունիմ որ տամ։
— Չէ մըսեր։
— Չորս օր առաջ ըլլար նե՝ կուտայի, այսօր չունիմ, կը ցավիմ... իրավ որ կը ցավիմ... հավատա՛ որ կը ցավիմ։
⁂
— Ի՞նչ ըրիր նայինք, Կիրակիս աղա, կաղանդի պատրաստություններդ տեսա՞ր։
— Տեսա։
— Ի՞նչպես։
— Պատրաստություն տեսա կաղանդի օրը մարդու չերևնալու համար։
⁂
— Մելքոն աղա, առնելիքներդ ա՛ռ, որ անուշ ապուրը, զերտեն, պյորեկը և ինչ որ պետք է նե պատրաստենք։
— Կ՝առնեմ։
— Օր չմնաց։
— Չառնենք նե ի՞նչ կ՝ըլլա եղեր, Ավետարանեն թուղթ չբըրդիր։ յա։
— Օրենք է, որ կառնեն։
— Օրենք է, որ փարա ալ վաստկին։
— Աս ալ նոր կը լսեմ։ Չոճուխները փարա վաստկիլ չվաստկելեն կը հասկնա՞ն։
— Թող չուտեն, անուշ ապուրն ալ ի՞նչ է։
— Անուշ ապո՞ւր չուտեն։
— Այո՛։
— Կաղանդի օրով։
— Այո՛, ի՞նչ վնաս ունի։
— Կաղանդի օրով անուշ ապուր չուտեն. է՛հ, խենդեցեր է աս մարդը։