Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/367

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Այսօր դուն տո՛ւր, որովհետև մանրուք չունիմ։

— Ես ալ չունիմ[1]։


— Տոքթո՛ր, դուք որ աղեկ բժիշկ մ՝եք, կը խնդրեմ, որ ըսեք ինձի, թե հարբուխ ըլլաք նե ի՞նչ կընեք։

— Կը հազամ, տիկին։


Փաստաբանի մեկը ծառա մը կը փնտրեր։ Մարդուն մեկն, որ գողությամբ բռնված ու այս փաստաբանին փաստաբանությամբն արդարացած էր, իրեն կը դիմե ու կը փափագի քովը ծառայության մտնալ։

— Ի՞նչպես կը համարձակիս իմ քովս ծառայության մտնալու համար գալ, կը հարցնե փաստաբանը։

— Ներեցե՛ք, պարոն, զիս պաշտպանելու համար դատավորներուն այնչափ աղեկ բաներ ըսիք իմ վրայոք, որ մտքես ըսի, թե շատ բարեբախտ պիտի ըլլաք զիս քովն առնելով։


Առջի օրը երկու բարեկամ Բերայի շիտակ փողոցեն անցած ատեննին, նոր շինված քարուկիր շենքի մը առջև կը կայնին։

— Ի՞նչ աղվոր շենք է սա, կ՝ըսե մին, Պոլսո մեջ մինչև հիմա ասանկ տուն մը շինված չէր, առաջին անգամ է, որ ասանկ տուն մը կը տեսնամ կոր։

— Ատանկ է, շատ աղվոր է, Բարիզ շինված ըլլալու է, կը պատասխանե մյուսը։


Մուրացկանին մեկը փառավորապես հագված մարդու մը ետեվեն վազելով․

— Ողորմեցե՛ք, պարոն, կ՝ըսե։

Մարդը կը հանե ճերմակ մեջիտիե մը կուտա։

— Ներեցե՛ք, պարոն, երեք հատ ալ տալու ըլլաք նե՝ մեծ ծառայություն մը ըրած կ՛ըլլաք, որովհետև այս գիշեր սուարե ունիմ։

  1. Մենք ալ դժբախտաբար մանրուք չունինք։ Ծան. հեղինակի։