⁂
1823-ին Բարիզի ցեխերը 75.000 ֆրանք բերեր էին. 1875-ին աճուրդի դրվելով 600,000 ֆրանքի ելավ։
Գեղացիներեն մին այս լուրն առնելով իր կնկանը կըսե.
— Ասկից վերջը բանթալոնիս բաչաներուն ու ոտքի ամաններուս վրայի ցեխերը ամանի մը մեջ դի՛ր ու տեղ մը պահե՛։
— Ի՞նչ ընելու համար։
— Տարվույն վերջը ծախելու համար. ասանկով թերևս մեր աղջիկին օժիտը կը պատրաստենք։
⁂
Երկու բարեկամ կերակուր ուտելու համար ճաշարան մը կը մտնեն, ձեռքերնին ձուկ մը բռնած։
— Ի՞նչպես կուզեք, որ եփեմ։
— Ես ասոր բլաքին կը սիրեմ։
— Ես ալ թավան:
— Ատանկ է նե՝ կեսը բլաքի, կեսն ալ թավա:
— Այո՛, այո, կը պատասխանեն երկու բարեկամները։
Կերակուրի սպասած ատեննին, ասոնցմե մին, որ թավան ապսպրած էր, նստած տեղը մեկեն ի մեկ կը մեռնի։
— Վարպե՛տ, վարպետ, կը պոռա մյուսը։
— Ի՞նչ կ՝ուզես, կը պատասխանե խոհարարն խոհանոցին պատուհանեն։
— Ամենն ալ թլաքի ըրե՛, բլաքի՛:
⁂
— Տոքթո՛ր, տոքթոր...
— Ի՞նչ կա, ի՞նչ կ՝ուզես, ի՛նչ կը պոռաս։
— Ինչո՞ւ չպիտի պոռամ, չորս ամիս եղավ տված պանիրիս ստակը չառի տակավին։
— Չունիմ, ինչ ընեմ։
— Ապրանքս տո՛ւր, ես ալ աղքատ մարդ մեմ։
— Ապրանքդ կերա։
— Բան մը ծախե՛, տո՜ւր, ես ստակս կհուզեմ։
— Բան չունիմ, որ ծախեմ ու ստակդ տամ։
— Մարդ Աստուծո, գոնե տզրուկ փակցուր ինձի։