⁂
— Ե՛լ, կնիկ, քեզի ծովու բաղնիք տանիմ։
— Հիմա՞ միտքդ ինկավ, հոկտեմբե՞ր ամսու մեջ։
— Ծով մտնելու ժամանակը անցած ըլլալով աժան գնով կրնանք լվացվիլ, ե՛լ կ՛ըսեմ։
⁂
— Աստուծմե գտնաս Արշակ, աս ի՞նչ ես ըրեր, գլխուդ վրա մազ չես թողուցեր կտրեր ես։
— Քույրս կտրեց, առավ շինեոն պիտի շինե։
⁂
— Այսօր ինքզինքս կշռել տվի, օրիորդ։
— Քանի՞ օխա եկաք։
— Քսան վեց ու կես։
— Շատ թեթև եք եղեր, ուղեղնուդ մեջ քիչ մը բան դրեք, որ ծանր կշռեք։
⁂
Երկու աղջկանց մեջ
— Շիտակ զրուցե՛, քանի տարու ես։
— Իրավ որ քու տարիքդ փնտրելով, իմինս մոռցա։
⁂
Ատեն ի մը առջև իրավագետ մը յուր դատը փաստաբանած միջոցին կը տեսնե, որ դատավորներուն ամենն ալ քնաբեր են, մեկեն ի մեկ խոսքը կը կտրե, և այս ընդմիջումին վրա դատավորները կ՛արթննան։
— Ա՛հ, էֆենտիներ, կըսե իրավաբանը անոնց քնանալը ծաղրելու համար, ինչպես որ երեկ ըսի այսօր ալ կ՛ըսեմ և այլն․..
Բայց այս խոսքը այնչափ պաղարյամբ կըսե, որ դատավորին մեկը մինչև այսօր այնպես համոզված է եղեր, որ առջի օրվնե ի վեր քնացած էր ատյանի մեջ։