Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/407

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Այո՛, բայց կը խնդրեմ, որ նույն պատիժր տնօրինեք ինձի, ինչ պատիժ որ կը տրվի այն բժշկին, որ փորձի համար մեծ չափով գեղ կուտա ու հիվանդը կը մեռցնե։


Մարտիկը հարուստ հորեղբայր մը ունի, որուն մեռնելուն կսպասե, որ ժառանգ ուտե։

Հորեղբայրը առջի օրը պտըտելու ելնել ուզելով՝ Մարտիկին հարցուց, թե ո՛ր կողմ երթա պտըտելու։

— Հորեղբայր իմ, երկաթուղիին գծերուն վրա գացեք պտըտելու, շատ աղվոր է, պատասխանեց Մարտիկը։


— Ես չեմ կրնար զինվոր գրվիլ։

— Ի՞նչ պատճառ ունիս զինվորագրութենե ազատվելու համար, հիվանդություն չունիս, հաշմանդամ չես։

— Հիվանդություն չունիմ, բայց կրնամ հիվանդանալ, եթե քանի մը տարի սպասեք, որովհետև իմ հայրս հիսուն տարեկան էր վրան կաթված եկավ, և գիտեք, որ այս ախտը ժառանգական է։


— Դո՞ւք եք, որ Կ․ Թ․․.ի տունեն արժեթուղթեր գողցած եք։

— Այո՛, պարոն նախագահ, ես առի. բայց չեմ կրնար հասկնալ, թե ինչո՞ւ զիս իբրև հանցավոր հոս բերին։

— Ի՞նչ ըսել կուզես։

— Ի՞նչ ըսել պիտի ուզեմ, իմ առածներս Թուրքիո արժեթուղթեր էին։


Նորատի և գեղեցիկ կին մը պարահանդես հրավիրված ըլլալով՝ առջի օրը կելնե, իր դրացուհվույն կերթա, որն որ բավականեն ավելի տգեղ էր։