Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/415

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Էֆենտի՛, ձեզի բան մը պիտի աղաչեմ։

— Ի՞նչ է։

— Երեսփոխանական ժողովին մեջ կարդալու համար ատենա բանություն մը պատրաստած եք եղեր։

— Հրամմեր եք։

— Այն ատենաբանությունը ինձի տվեք ձեր տեղը ես կարդամ զիս ընտրողներուն խոշը կուգա։


Ժողովին դրան առջև.

— Խմբագրաց օթյակը լեցա՞ծ է, որ թող չես տար կոր։

— Լեցած չէ, բայց մեկ հատ մը կա արդեն։ Երկու ըլլաք նե՝ իրարու գլուխ կը պատռեք։


Քաթիկ տուտուն առջի օրը կըսեր իր փեսային, որ կարգված օրեն ի վեր հանգիստ օր մը անցուցած չունի.

— Փեսա՛, անունիդ տոնախմբության օրը ի՞նչ նվեր տամ քեզի, կնկանդ ֆոթոկրաֆը տա՞մ։

— Սիրով կընդունիմ, սա պայմանավ, այդ ֆոթոկրաֆը ինձի տալուդ պես, ես ալ անոր իսկականը, (աղջիկդ) քեզի տամ։


— Պարոն կառավարիչ, ինչո՞ւ համար իմ տղաս ասանկ երեսն ձգած եք։

— Ի՞նչ կընենք կոր։

— Ինչ պիտի ընեք, օր մը օրանց մրցանակ մը տված չեք իրեն։

— Քու տղադ ալ առտվնե մինչև իրիկուն պարապ նստելեն ուրիշ բան մը ըրած չունի, քանի անգամ խրատեցի զինքը, բայց անիկա կը համառի իր ընթացքին մեջ։

Աղեկ ա՛, հաստատամտության մրցանակ մը տվեք իրեն։