⁂
— Մեղո՛ւ, ըսե ինձի, Մասիս ըսելով ի՞նչ կիմանաս։
— Մասիս ըսելով կդիմանամ ընդարձակ քաղաք մը, որուն սահմանն է արևելքեն շահ, արևմուտքեն շահ, հյուսիսեն շահ, հարավեն շահ։
Նավահանգիստը բանուկ է, բայց անգամ մը հոն մտնող նավը մեյ մալ չմտնար։
Բերքն է քուն։
Ստորոտը բազմամարդ է. գլուխը պարապ է, բնակիչ չունի մեջը հիմակուհիմա։
⁂
— Մայրի՛կ, այս թռչունները ճիվ ճիվ կընեն նե՝ ի՞նչ ըսել կուզեն։
— Իրարու հետ կը խոսին։
— Է՛յ, ասոնք խոսիլը ո՞ւսկից սորված են։
— Աշըգյան Խորեն վարդապետեն գնա սորվե։
⁂
Առջի օրը, մարդուն մեկը Մասիսի նամակ մը գրելով վրան մեծապատիվ խմբագիր գրելու տեղ մեծապատիվը մոռցված և լոկ խմբագիր դրած ըլլալուն համար, Մասիսի մեծապատիվ խմբագիր մեծապատիվ Ութուճյան մեծապատիվ Սարապետ էֆենտիի կողմեն ի դատ հրավիրվեր է։ Մեծապատիվ խմբագրին մեծապատիվ չըլլալը ապացուցանելու համար։
⁂
— Վարժապե՛տ, կըսեր առջի օրը աշակերտ մը, վարդապետները ամենևին չե՞ն կարգվիր։
— Մեջերնուն ոմանք կը կարգվին։
— Վարդապետի մը պսակվիլը բնավ տեսած չունին նե։
— Ուրիշի մը հետ կը պսակե, կնիկը ինք կառնե։
— Աս կրնա՞ ըլլալ։
— Այո՛, ինչպես որ տաճկի հպատակ չեղող մեկը տուն մը առնելու ըլլա նե՝ զայն ուրիշի վրա կը դարձնե։
— է՛յ, վերջը այդ մարդը խարդախություն ընելուէ տունը իմս է ըսելու ըլլա նե։