Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/286

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թո՛ղ ըսեն, դուք իմ զավըկներս եք, կը սիրեմ զձեզ... հայր մեմ...։

Խեղճ զավկըներս, ձեզի համար չարաճճի են կըսեին, բայց դուք ձեր խայթելու պաշտոնն ամենայն զգուշությամբ կը կատարեիք, և եթե խայթեիք ալ չէիք թունավորեր. մինչդեռ ձեր մյուս լուրջ բարեկամները առանց մեկը մյուսը վիրավորելու երկու տող չեն կրնար գրել, և ասոր համար է, որ դատարանները կը դեգերին։

Խեղճ զավկըներս, եթե դուք առողջ էիք ու չապրեցաք, եթե սնունդ կուզեիք ու չսնաք, ատի ցավ է ինձ. բայց թե որ տկար էիք, թե որ խակ էիք ու չթողուցին որ հասուննայիք իմ կորուստս ավելի անդարմանելի է։

Ո՜հ, որդյակք իմ Մեղուք, Մեղուք որդյակք իմ, առ իս դարձեք, մխիթարեցեք զիս:

Սիրուն զավկըներս, մեռաք դուք, անմխիթար թողուցիք զիս։ Գացեք ուրեմն, ուր որ ղրկե զձեզ պախալ Նիքոլին. գացեք, եթե ազգին մեջ օգտակար չեղաք, գոնե պախալի խանութին մեջ օգտակար եղեք, եթե ազգին մեջ մեղք գործեցիք, պախալի խանութին մեջ քավեցեք ձեր այդ մեղքը։

Մեղավոր լրագրաց, քավարանը պախալի խանութներն են։

Անմեղ եք դուք, և ինչ մեղք գործեցիք դուք, սիրուն զավկներս. եթե դուք մեղավոր եք, առավել ևս ես մեղավոր եմ ձեզի ծնունդ տալուս համար, ինչո՞ւ ուրեմն իմ մեղքերս դուք քավեք, ես մեռնելու էի ձեր տեղը, եթե ես մեռնեի այսչափ չպիտի լայի։

Մեռա՜ք դուք...

Սիրուն զավկըներս, ըսեք ինձ, եթե ապրած ատեննիդ կույսի մը այտեն ժպիտ մը քաղեցիք, եթե ազգատյաց ճիվաղի մը թմրած խղճմտանքին դպչելով արթնցուցիք, ո՜հ, ըսեք ինձ, ըսեք, այն ատեն մեռած չեք դուք, այլ կապրիք։

Եթե մեռած եք, իմ բաժինս լաւ է, իսկ եթե մեռած չեք, ըսեք, որ խնդալու պատրաստվիմ։

Արդ, ըսեք ինձ որդյակք, լա՞մ թե խնդամ...։