Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/131

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այսօրվան օրս չկա գրագետ մը, որ Համամճյանի քարոզած ճշմարտությունը չընդունի. և մենք չէինք կրնար այս կոկորդային խնդիրն Լուծել առանց Համամճյանի քարոզած վերագրյալ ճշմարտությունն մեր հոդվածին բնաբան ընելու։


Այս բնաբանն այսօր Ապուջեխ գյուղին Թաղային խորհուրդն ալ րնյունած է և սնտուկին մեջ պահած է։ Մենք այս բնաբանիս հենքով՝ Թատրոնին մեկ երկու թիվերուն մեջ ըսած էինք, որ Համամճյան Սարգիս տղան այդ սերկին ազգին հանձնե։


Հրապարակ ելած օրերնես ի վեր ինքզինքնիս ժողովրդյան իրավանց պաշտպանության նվիրած ըլլալով՝ այս առաջարկությունն ընելու ո՛չ միայն իրավունք այլ նաև իշխանության ալ ունեինք, որովհետև վարժարանի մը ստակեն լումա մը պակսի նե անոր կյանքեն քառորդ մը կը պակսի, երկու լումա պակսի նե երկու քառորդ կը պակսի, իսկ ասանկ սերկի մը պակսի նե բոլոր շունչը կը պակսի։ Բժիշկները շնչո պակասության մահ կ՚ըսեն։


Ո՞վ կրնա վարժարանի մահվանը վրա լուռ մնալ։


Մինչդեռ մենք այս դպրոցին մահը ողբալով անոր վերածնությանը կ’աշխատեինք, և ահա Օրագիր՝ ի նպաստ Համամճյանի յուր 1330 թվով նամակ մը կը հրատարակե Ն. Ս. Փ. ստորագրությամբ:


Ո՞վ է այս Ն․ Ս․ Փ-ը։


Հիմա կը հասկնանք։


Այս նամակագիրը նախ յուր նամակին մեջ կ’ըսե որ․


«Ապուջեխցի մեծապատիվ Համամճյան Սարգիս էֆենտիի նկատմամբ յուր (Թատրոնի) 35 և 40 թիվ թերթերուն միջոցավ երկու հոդված կը հրատարակե, որպես թե հիշյալ էֆենտիին Ակնա Ապուջեխ գյուղի Վարագա դպրոցին հազար ոսկինոց սերկին իր կոկորդը անցնելեն դատի կերպարանք առած ըլլա Վարչության առջև»։


Նամակագրին այս տողերեն կը հասկցվի, որ մեծապատիվ Համամճյանը հազար ոսկինոց սերկին կոկորդը անցուցեր է, բայց անցուցած ըլլալը դատի կերպարանք առած չէ։


Մենք ըսած չէինք և չենք ըսեր, թե կոկորդն անցուցած է, այլ ըսած էինք և կ’ըսենք որ այդ սերկին ազգին հանձնե։ Դատի կերպարանք առած ըլլալուն գալով՝ կը կրկնենք, թե դատի կերպարանք առած է, և արդեն նամակագրին այս խոսքը, թե «խնդիրը քիչ ժամանակեն պաշտոնական հայտարարությամբ մը պիտի ծանուցվի» կը հաստատե, որ խնդիրը դատի կերպարանք առած է։